24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Եկամտահարկի վերադարձն աստիճանաբար կչեղարկվի Երևանում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

Այս նախագծով Երևանի Կենտրոնի և կենտրոնամերձ համայնքների համար հանվում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնությունը։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ արտոնությունը գործում է ավելի քան 5 տարի։ Կարգավորումն սկզբում ընդունվել էր ընդգծված տնտեսական նշանակությամբ՝ առանց սահմանափակումների։ Այն նախատեսել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիպոթեքային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով։ 2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն։ Սահմանվել էր, որ մեկ մարդը ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվողի համար գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել էր 55 մլն դրամով։

«Արտոնության կիրառման տարիների ընթացքում և հատկապես վերջին երկու տարիներին կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է։ Եթե 2015-2017 թվականներին ծրագրի նոր շահառուներ են եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019 թվականներին շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000, իսկ 2020 թվականին նոր շահառուները եղել են 5200։ Այս տարիների ընթացքում նաև կտրուկ աճել են պետական բյուջեից մեր հայրենակիցներին վերադարձվող եկամտային հարկի գումարները։ Եթե 2016-2017 պետական բյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019-ին աճը կազմել է 3,3 մլրդ, իսկ 2020-ին՝ 5,4 մլրդ դրամ՝ հանրագումարով հասնելով միայն 2020 թվականի հատկացումների մասին 13,3 մլրդ դրամի։ Ներկայումս ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 հազարը, իսկ այս տարեվերջին հատկացված գումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ, իսկ շահառուների քանակը՝ 20 հազար»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ փաստ է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում, իսկ առաջին տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում։ Միայն վերջին տարիների ընթացքում է, որ նկատվում է կենտրոնից կառուցապատման հեռացվածության որոշակի ավելացում։ Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը։ Առ այսօր եկամտային հարկի արտոնության համար դիմած շահառուների քանակն ընդամենը 7 տոկոս է կազմում մարզերում, մնացած 93 տոկոսը գտնվում է Երևանում։

«Հաշվի առնելով այս արտոնության տնտեսական և սոցիալական զգալի պոտենցիալը՝ այս փոփոխությամբ առաջարկվում է արտոնությանը տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը, ինչպես նաև կընդգծի դրա սոցիալական բնույթը։ Առաջին երեք տարիների ընթացքում այդպիսի ուղղորդումը կազդի Երևանում բնակարանային շինարարության ավելի համաչափ բաշխվածության վրա, իսկ դրանից հետո կառուցապատման հիմնական ծավալները կտեղափոխվեն Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր։ Այդ նպատակով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում։

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում ձեռք բերվող բնակարանների վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտում, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում։ Այդպիսով՝ առաջիկա երեք տարիների ընթացքում նոր կառուցապատումները կուղղորդվեն դեպի Երևանի 4-րդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների, դեպի Երևանից դուրս գտնվող բնակավայրեր»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ կարևորվում է ընթացքի մեջ գտնվող կառուցապատման ծրագրերի պայմանները չվատթարացնելու հարցը։ Ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ ներկայումս սահմանված արտոնությունները կշարունակեն կիրառվել նաև այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարական թույլտվություններն ստացված կլինեն մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով