Փաշինյանն առաջարկել է ռուս կամ ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել Սոթքից մինչև Խոզնավար

MasterNews
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկեց միջազգային դիտորդների օգնությամբ լուծել հայ-ադրբեջանական սահմանին ծագած լարվածությունը։ Նրա խոսքով՝ առաջարկում է Սոթքից մինչև Խոզնավար ընկած հատվածում և Ադրբեջանի, և Հայաստանի զինված ուժերը դուրս բերել, տանել մշտական տեղակայման վայրեր։ Սահմանի այդ հատվածներում առաջարկվում է դիտորդներ տեղակայել Ռուսաստանից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից՝ համոզվելու համար, որ կողմերը պայմանավորվածությունները կատարում են։

Հաջորդ փուլով սկսվում են սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը՝ Սոթքից մինչև Խոզնավար՝ ՌԴ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների աջակցությամբ։

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանն իրոք խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, այս պլանը մերժելու որևէ պատճառ պետք է չունենա։ Հայկական կողմը վստահ է, որ բոլոր միջազգային դիտորդներին կարող է մեր տեսակետը հիմնավորել։ Ըստ նրա՝ խոսքը իրավիճակի դեէսկալացիայի ու դիվանագիտական խաղաղ հանգուցալուծման հասնելու մասին է։ «Սա կարող եմ համարել պաշտոնական առաջարկ՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և նաև Ադրբեջանին։ Ես հույս ունեմ, որ այս առաջարկը կընդունվի։ Տեղում իրավիճակին ծանոթանալով՝ եկել եմ այն համոզման, որ հենց սա է իրադրության լուծման ամենակարճ, ամենաարդյունավետ և խելամիտ ճանապարհը։ Եթե մենք այս ճանապարհով չգնանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից, իսկ մենք դա թույլ տալ չենք կարող»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այս հարցով միջազգային գործընկերների հետ ակտիվ խորհրդակցություններ կսկսվեն։

«Իրադրությունը լարված է։ Եվ այդ լարվածության դինամիկան աճողական է։ Այսինքն՝ ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է և մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել։ Ինչո՞ւ, որովհետև վերջին 15 օրերի իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները և մեր զինվորները, ստորաբաժանումները փոխներթափանցած վիճակում են։ Այսինքն՝ ըստ էության գտնվում են ոչ միայն դեմ դիմաց, այլև խառը փոխներթափանցված վիճակ է։ Եվ ինչո՞ւ է իրադրությունը լարվելու, ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ արդեն 15 օր դեմ դիմաց են, և այդ լարվածություն ի վերջո կարող է պայթեցնել իրավիճակը, այլև այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր զինված ուժերի ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլ անել։ Եվ իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Ադրբեջանն իր գործողությունները բացատրում է, պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով։

«Մենք, իհարկե, այդ գնահատականը չենք կիսում և դրա վերաբերյալ ունենք մեր հստակ դիրքորոշումը։ Բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը։ Այս առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը։ Առաջարկը հետևյալն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից։ Մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր։ Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող։ Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին»,- նեշեց Փաշինյանը։

http://Lragir.am

 

 

Next Post

Հայ սամբիստը հաղթել է ադրբեջանցուն ու դարձել Եվրոպայի չեմպիոն

Լիմասոլում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվել չեմպիոն, հայտնում է սամբոյի […]