Ալիևը զանգահարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

MasterNews

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության` Իլհամ Ալիևը Տոկաևին տեղեկացրել է վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս առնչությամբ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ներկայումս ընթանում է սահմանի ճշգրտման գործընթաց, և իբր «հայկական կողմը ոչ ադեկվատ արձագանք է ցուցաբերում այդ գործընթացին»։

 

Ըստ Ալիևի՝ որևէ բախում սահմանին տեղի չի ունեցել, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մայիսի 16-ին՝ անթույլատրելի համարելով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորելով խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։

 

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ շարունակում է գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Փաշինյանն մայիսի 14-ին պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

 

 

Next Post

Լավրովը Հայաստանի տարածք ներխուժման արձագանքները համարում է «ուռճացված հույզեր»

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր […]