Վրաերթի է ենթարկվել 5 զինծառայող. ՊՆ-ն ու ոստիկանությունը ներկայացրել են մանրամասներ

MasterNews

Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ):

Կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արամ Բադալյանի և Լևոն Մկրտումյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ոստիկանությունը` հայտնելով, որ 5 քաղաքացու վրաերթի ենթարկած անձը հայտնաբերվել է.

«Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 04.30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Կատարվում է նախքննություն»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Next Post

ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. #Bloomberg

ԱՄՆ-ը մտադիր է արտաքսել 10 ռուս դիվանագետի, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել 12 ռուսաստանցու և 20 ռուսական կազմակերպության դեմ՝ SolarWinds-ի միջոցով ընտրություններին միջամտելու և կիբեր-հարձակումների համար, […]