17.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիան արմատապես կփոխի իր հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը

Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար ակնկալում է, որ Թուրքիան կվերանայի իր նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը և թշնամական գործողությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Արման Աբովյանի հարցին:

Աբովյանը նշեց, թե իշխանության տարբեր պաշտոնյաներ ակնարկներ են անում տարածաշրջանում նոր իրավիճակի համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման մասին: Նա հետաքրքրվեց, թե այս պահին ինչ-որ կոնսուլտացիաներ գնու՞մ են Թուրքիայի հետ:

Նախարարը հիշեցրեց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և արտգործնախարարի կողմից: Հայաստանի անկախացման օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, որն ի չիք եղավ Թուրքիայի կողմից: Այվազյանը կարևորեց փոխադարձության սկզբունքը: «Եվ իսկապես ազնիվ և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից, ավելին՝ անցյալ դարի հայատյացությունը, որի գագաթնակետն էր Հայոց ցեղասպանությունը, կարծես թե, ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է մեր տարածաշրջան»,-ասաց նախարարը:

Այվազյանը շեշտեց, որ բնականաբար բոլորը շատ լավ գիտակցում են, թե ինչ հնարավորություններ և հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և ի վերջո հաշտեցումը, բայց դրանք լոկ գեղեցիկ բառեր չեն: «Եվ որպեսզի իրապես լինի խաղաղություն մեր տարածաշրջանում, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ, արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,-ասաց նա:

Իսկ պատգամավորի հարցին, թե որևէ կերպ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացներ գնո՞ւմ են՝ Այվազյանը պատասխանեց, որ ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ:

error

Կիսվեք լուրերով