Կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են և դրանցից ԴՆԹ անջատելը դժվար կլինի․ Ավանեսյան

MasterNews

Ներկայումս մոտ 210 փորձանմուշ ունենք, որոնց հետ աշխատելը շատ բարդ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են և դրանցից ԴՆԹ անջատելն ու փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է։ Դրանք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի փորձաքննությունն անցկացնել։ Կապի մեջ ենք նաև միջազգային այլ բարձրակարգ ինստիտուտների հետ և հիմա աշխատում ենք մնացած շատ բարդ փորձաքննությունների վրա։ Կունենանք փորձանմուշների մի փոքր թիվ, որոնցից չենք կարողանա ԴՆԹ անջատել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դեռ չգիտի՝ ինչ կլինի այդ մասունքների ճակատագիրը։

Դիտարկմանը, որ կա մտահոգություն՝ այդ մասունքների մեջ գուցե ադրբեջանցիների մասունքներ լինեն և որպես եղբայրական գերեզման նրանց հուղարկավորելն ընդունելի չէ, Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Նման խոսակցություններ չկան և նման գաղափար կառավարությունում չի քննարկվում»։

Հարցին՝ արդյոք «Սպայկա»-ի սառնարաններում դեռ մարմիններ կա՞ն, նախարարը նկատեց՝ դրանք «Սպայկա»-ի սառնարանները չեն․ «Դրանք հատուկ սառնարաններ են՝ նախատեսված նման դեպքերի համար։ Դա Մեծամորի դիահերձարանում է և պատկանում է Մեծամորին»,-ասաց Անահիտ Ավանեսյան։

Վերջինս հավելեց, որ մոտ 180 հարազատ սպասում է ԴՆԹ պատասխանի․ «Ունեցել ենք մոտ 2400 անձ, որոնք հանձնել են ԴՆԹ անալիզներ»։

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

ՀՀ նախագահը առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը

Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram