18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի՞ է պատրաստվում․ GreekCityTime

Թվում է, թե Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում՝ այս անգամ ուղղակիորեն Հայաստանի տարածքներ ներխուժելու համար, այս մասին հոդված է հրապարակել Greek City Time-ը։
Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում՝ Թուրքիայի կողմից հովանավորվող ներխուժումից ու պատերազմից 2 օր առաջ, հունական Greek City Time թերթը հաղորդել էր, որ Թուրքիան սիրիացի վարձկանների է տեղափոխում Ադրբեջան:
Դա հերքվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից, սակայն այժմ կան անհերքելի ապացույցներ՝ ներառյալ լուսանկարները, տեսագրությունները, գերեվարված վարձկանները և ականատեսների վկայությունները:
«Իսկ հիմա թվում է, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ ուղղակիորեն Հայաստանի շրջաններ ներխուժելու համար։
Թեև Ադրբեջանը սիրիացի վարձկանների և թուրքական հատուկ նշանակության ջոկատների աջակցությամբ հայերից վերցրեց 7 շրջանները, կարծես թե նոր հակամարտություն է սկսվելու։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անպատրաստության և/կամ շահագրգռված չլինելու պատճառով 7 շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու նվաստացուցիչ պարտությունից հետո, Ադրբեջանին ցամաքային երթուղի է տրամադրվել, որպեսզի նա կարողանա Հայաստանի Սյունիքի մարզով մուտք գործել Նախիջևան։ Դա, իբր, համաձայնեցվել է նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) ստորագրման ժամանակ։
Մոնթե Մելքոնյանը 1990-ականների սկզբին ասում էր, որ եթե հայերը Լեռնային Ղարաբաղը զիջեն Ադրբեջանին, ապա հաջորդիվ կկորցնեն Սյունիքը:
Նա հայտարարել էր, որ «եթե կորցնենք Ղարաբաղն, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Նա կարծում էր, որ եթե ադրբեջանական զորքերին հաջողվեր հայերին վտարել Ղարաբաղից, ապա նրանք այնուհետև կշարժվեին դեպի Սյունիք և Հայաստանի այլ շրջաններ։ Եթե Ադրբեջանը զավթեր Սյունիքը, դա ոչ միայն կկապեր Ադրբեջանը Նախիջևանի հետ, այլև Թուրքիային ուղիղ մուտք կտար դեպի նավթով ու գազով հարուստ Կասպից ծով և հետագայում՝ Կենտրոնական Ասիա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է վերադարձնել միայն այն, ինչ նա անվանում է օկուպացված տարածք:
Սակայն թուրք և ադրբեջանցի ազգայնականները կոչ են արել օկուպացնել Սյունիքի մարզը, որպեսզի վերջ տան Նախիջևանի բաժանմանը Ադրբեջանից։ Շատ նշանավոր հայեր նախազգուշացնում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ նպատակն այսօրվա հյուսիսային Հայաստանի շուրջ ավելի փոքր հայկական պետություն ստեղծելն է։
Անցյալ շաբաթ Ալիևը հայտարարեց, որ «նոր տրանսպորտային միջանցքը կանցնի Զանգեզուրով՝ Ադրբեջանի պատմական տարածքով, և Ադրբեջանը կմիացնի իր անբաժանելի մասի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և Թուրքիային»:
ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ «նման սադրիչ հայտարարությամբ՝ Զանգեզուրը կոչելով «պատմական ադրբեջանական տարածք» և վկայակոչելով երևակայական միջանցքը, Ադրբեջանի նախագահը միտումնավոր խախտում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածում չի հիշատակվում միջանցքի ստեղծման մասին»։
Ադրբեջանի նախագահը երեքշաբթի հայտարարել է, որ «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրագործմանը, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվի։ Մենք նրանց կստիպենք»։ Սա ակնհայտ նշան է, որ Ադրբեջանը պատրաստ է ուժ կիրառել, որպեսզի Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք բացվի, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հետ։
Մեկ այլ ենթադրության համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական գործողության Սյունիքի դեմ. թուրքական Boeing 737aew&C-ի վաղ նախազգուշացման և վերահսկման ինքնաթիռը պտտվել է Հայաստանի սահմանի մոտ։ Սա այն նույն CENAH01 ծածկանունով ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին։ Տեղեկություններ կան նաև, որ Ադրբեջանը պահեստազորայիններին է կանչում, միևնույն ժամանակ թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել հայկական սահմանի մոտ:
Ենթադրությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, հայտնվում է այն ժամանակ, երբ Ուկրաինան, կարծես պատրաստվում է Դոնբասում աշխարհազորայինների դեմ գարնանային հարձակման։ Հավանական է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան՝ որպես Թուրքիայի մերձավոր դաշնակիցներ, կարող են միաժամանակյա գործողություններ սկսել, որպեսզի ստիպեն Ռուսաստանին զիջումների գնալ։ Թուրքիան վճռականորեն ընդգծում է, որ Ղրիմը Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածք է, և որ թաթարական փոքրամասնությունն իբր ճնշված է։ Բացի այդ, Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տրամադրում ուկրաինացի զինվորականներին:
Չնայած Հայաստանը Ռուսաստանից և ազատական Արևմուտքից շրջելու Փաշինյանի փորձերին, Մոսկվան այժմ օգնում է հայկական ռազմական բարեփոխումներին և վերազինմանը։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости-ին ասել է, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ թե պարզապես պլանավորվում է, այլ արդեն իրականացվում է, և մեր ռուս գործընկերներն անմիջականորեն մասնակցում են այդ գործընթացին»։
Ի պատասխան՝ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է օգնի Հայաստանին արդիականացնել բանակը կամ նոր զենք տրամադրել:
Ավելի կարևոր է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետություն է։ Եթե Հայաստանը հարձակման ենթարկվի, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ռուսաստանը պարտավոր են նրան օգնություն ցուցաբերել։
Թեև անհնար է, որ Ադրբեջանը, նույնիսկ Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ լինի Ռուսաստանին ներքաշել ռազմական հակամարտության մեջ, հարց է առաջանում՝ կկարողանա՞ արդյոք Մոսկվան կարգավորել Կովկասում և Դոնբասում միաժամանակյա հակամարտությունները, եթե Ադրբեջանն ու Ուկրաինան միաժամանակյա գարնանային հարձակում սկսեն։ Շատ հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին ու Ուկրաինային միաժամանակյա գործողությունների կոչ անի, որպեսզի զիջումներ կորզի Ռուսաստանից, օրինակ՝ Հայաստանին ստիպի բացել տրանսպորտային միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև»,- եզրափակում է լրատվամիջոցը:

http://Mamul.am

 

error

Կիսվեք լուրերով