20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Փետրվարի 25-ին Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

Հայոց հերոսի մասին իր կենդանության օրերին և հետագայում շատ ուսումնասիրություններ և գեղարվեստական գրքեր են գրվել: Սակայն երկար ժամանակ գրեթե մոռացության է մատնվել նրա երեսնամյա հերոսապատումի լուսապսակը դարձած սյունիքյան էջը, որին անդրադառնալը հրատապ է հենց այսօր, երբ արցախյան երկրորդ պատերազմում դավաճանության պատճառով կրած պարտությունից հետո վտանգված է նաև Սյունիքի ճակատագիրը: Այս էսսեի հեղինակը՝ Ռուբեն Սիմոնյանն է, որից ներկայացնում ենք հատվածաբար:

… 1918-ի մարտին զորավար Անդրանիկն իր կանչով Սիբիրից ժամանած 210 արևմտահայ ռազմագերիների երթային վաշտի հիմքի վրա Թիֆլիսում ձևավորեց իր վերջին զորքը, որը ստացավ Հայկական առանձին հարվածող զորամաս անվանումը: Նա մեկ տարի տևած ռազմարշավը սկսեց ապրիլի 23-ին, Ալեքսանդրապոլի կենտրոնական հրապարակից և Աշոցքի սարահարթում առաջինն ընդունեց գարնանն Արևելյան Հայաստանի վրա թուրքական բանակի ձեռնարկած հարվածները: Բացվող ռազմաճակատում իրադրության փոփոխության հետևանքով զորքը, ծովացող արևմտահայ գաղթականների հետ, Քարախաչի լեռնանցքով քաշվեց Լոռի, ապա Գուգարաց սարերով անցավ Դիլիջան՝ ճիշտ ժամանակին թշնամու առաջ փակելով Աղստևի ձորով դեպի Ղազախ ձգվող ճանապարհի մուտքը:

Երբ հունիսի 4-ին Դիլիջանում ստացավ հայկական և թուրքական պատվիրակությունների միջև Բաթումում կնքված պայմանագրի պատճենը, հայոց հերոսապետն ընդվզեց՝ այն համարելով հայավնաս փաստաթուղթ: Ավետիս Ահարոնյանը զորավարի այդ քայլը համարեց <ընկճուած հայության հոգու ամենազգայուն թելերին վրայ> թրթռացող կախարդիչ պոեմ: Չէ՞ որ այնտեղ բառ անգամ չկար եղեռնազարկված Արևմտյան Հայաստանի և դեգերող գաղթականության հայրենիք վերադառնալու մասին: Ասել է, թե գերեզման էին դրվել երեսնամյա ազատագրական պայքարի երազանքները: Պայմանագրով թուրքը Երևանի շուրջ հայությանը <շնորհել> էր 11 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով մի հողակտոր: Փաստաթղթի հոդվածներից մեկն ուղղակի վերաբերում էր <բանդա> անվանված հարվածող զորամասին և նրա հրամանատարին: Մերժող պատասխան տալուց հետո Անդրանիկն ու իր զորքն իրավունք չունեին <ապրելու այդ երկրի մեջ և նրա համար դժվարություններ ստեղծել>, ուստի որոշեց դուրս գալ նրա սահմաններից: Գաղթականները չենթարկվեցին զորավարի՝ նորաստեղծ հանրապետությունում մնալու հորդորներին և պոկ չեկան զորքից:

Դեռ տարեսկզբին արևմտահայ մարմինների ղեկավարները մտադրվել էին զինված խումբ ուղարկել Միջագետք և այնտեղ գտնվող անգլիացիներին ուղեկցել Հայաստան՝ հայրենիքն իսպառ կործանումից փրկելու համար: Անդրանիկյանները, վերհիշելով ծրագիրը, շարժվեցին Դիլիջան-Ելենովկա-Նոր Բայազետ-Վայոց ձոր-Նախիջևան գծով: Ոչ մեկի մտքով այն օրերին անցնել չէր կարող, որ այդ ռազմարշավը ճակատագրական կդառնա Բաթումի պայմանագրով Ադրբեջանին կցված Սյունիքի անկախության ու պատկանելության համար: Զորքն, անցնելով Պարսկաստան, առաջ գնաց չդադարող մարտերով և հունիսի 23-ին Խոյ քաղաքի մոտ ճակատամարտ տվեց: Մոտ էր հաղթանակը, բայց սահեց մերոնց ձեռքից: Եվ դա՝ գաղթականների անկարգության պատճառով, որոնք անտեսելով զորավարի՝ խոր թիկունքում մնալու հրահանգը, հայտնվել էին ճակատամարտի առաջին գծում:

Վերադառնում են Ջուլֆա և Նախիջևանի կողմից ենթարկվում թուրքական թարմ գնդերի հարձակումներին, որոնք երկաթուղային շարժակազմերով ժամանել էին Ալեքսանդրապոլից: Գրեթե մեկ ամիս տեղի ունեցան համառ մարտեր: Պարզվեց՝ հակառակորդը ցանկանում է Սյունիքի վրայով անցնել թաթարական նորակնունք Ադրբեջան, և դա հնարավոր էր իրականացնել հիմնականում Նախիջևան-Շահբուզ-Սիսիան-Գորիս-Շուշի ճանապարհով (Մինջևան-Մեղրի-Ջուլֆա երկաթուղին դեռ չէր կառուցվել): Եթե այդ ծրագիրն իրականացվեր, յաթաղանի զոհ կդառնար Սյունիքի և Ղարաբաղի 300 000 հայ բնակչությունը: Թուրքերի ուժգնացող ճնշումը քիչ էր, բռնկվեց խոլերան, որից ամեն օր մահանում էին տասնյակ գաղթականներ և հարվածող զորամասի զինվորներ: Քիչ էր մնում՝ համաճարակի զոհ դառնար նաև զորավաը: Ամենուր թաթարների զինված խմբեր էին վխտում: Շրջապատվելու սպառնալիքն ակնհայտ էր: Անդրանիկն ընտրում է վտանգավոր կացությունից դուրս գալու միակ ճիշտ ուղին. մի քանի օրվա ընթացքում զորքի օգնությամբ երեք բյուր գաղթականներին անմատչելի համարվող բարձրագահ Կապուտջուղ սարի վրայով տեղափոխում է Կապան: Սակայն այստեղ էլ կանգ չի առնում, քանի որ աղքատ շրջանում սովի և սովամահության ուրվականն էր շրջում: Ուստի բռնում է Գորիսի ճանապարհը, որը հետագա ութ ամիսներին հարվածող զորքին ծառայեց որպես հիմնական հենակետ:

Գորիս հասնելու հետ, հետախույզները հայտնեցին, որ Նախիջևանի կողմից Սիսիանի գյուղերի վրա հարձակման են պատրաստվում թուրքական զորքի առաջապահ վաշտերը, իսկ թաթարները բռնել են Հագարու գետի կամուրջը և շրջապատել Գորիս-Շուշի ճանապարհի վրա գտնվող Կալադարասի (Բերդաձոր) հայկական մեծ գյուղը: Զորավան անմիջապես երկու վաշտ ուղարկեց Զաբուղի ձորը թաթարներից մաքրելու համար, իսկ ինքը հիմնական ուժերով շտապեց Սիսիան և դիրքավորվեց հակառակորդի դեմ: Սակայն հարվածող զորամասի շարքերը շատ էին նոսրացել զոհերի, հիվանդությունների և այլ կորուստների պատճառով: Համալրման համար զորավարը դիմեց սիսիանցիներին: Նրանցից գոհ մնաց հայոց հերոսապետը, քանի որ արագ վաշտեր կազմեցին, զինեցին, հանդերձավորեցին և դրեցին իր տրամադրության տակ: Հենց այդ զինուժով հնարավոր եղավ հետ շպրտել հարձակման անցած թուրքական գումարտակները, իսկ տեղացի ավազակաբարո թաթարներին՝ զինաթափել ու խաղաղեցնել:

Երբ կազմակերպված էր Սիսիանի ինքնապաշտպանությունը, զորավարը շտապեց Գորիս, որտեղից հայտնում էին, որ Հագարու գետի հովտից ուժգնացել է թաթարների ճնշումը: Վերադարձի ճանապարհին զորավարը Սարգիս Ջեբեջյանի և Հայկ Բոնապարտյանի վաշտերն ուղարկեց Մեղրի՝ թշնամու առաջ ամուր փակ պահելու Արաքսի ափով Նախիջևանի և Ադրբեջանի թաթարներին իրար կապող ամենակարճ ճանապարհը: Դեռ Գորիս չհասած, զորավարը գոհունակությամբ իմացավ, որ Կապանի հայրենակիցները ևս անցել են ինքնապաշտպանության, սակայն տխրեց Շուշին թուրքերի կողմից գրավելու լուրից: Տեղ հասնելուց հետո անմիջապես հրավիրեց Գորիսի շրջանի գյուղերի ներկայացուցիչների ժողով, ուր Անդրանիկը քննարկման դրեց մեկ հարց. գորիսցիները ցանկանու՞մ են դիմել ինքնապաշտպանության, սիսիանցիների պես՝ սեփական ուժերով պաշտպանել սեփական հողն ու հայի պատիվը: Միաձայն որոշվեց զինվորագրել բոլոր հասուն տղամարդկանց, արժանապատվորեն կռվել և երբեք չենթարկվել հայակեր թշնամուն:

1918-ի ամռանը հանկարծ, կարելի է ասել՝ աստծո կամոք, Սիսիանում Անդրանիկյանների հայտնվելը ճակատագրական եղավ երկրամասի պատկանելության համար: Այստեղ ծավալված կռիվները շարունակվեցին հինգ ամիս, որոնց շնորհիվ եղեռնազարկումից փրկվեցին տեղի 60 000 հայերը և 35 000 գաղթականները, իսկ հողը պահպանվեց որպես Հայաստանի անբաժանելի մաս: Տարեվերջին ասպարեզ եկած անգլիացիների և ադրբեջանցիների հետ Անդրանիկը նշեց նաև Սյունիքի սահմանները: Քարտեզի վրա Սյունիքը նմանվեց թուրքականության սիրտը խրված սեպի, որի ծայրով այսօր Հայաստանը կապ ունի իր հին հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այսպիսով Անդրանիկն իր կիսաքաղց ու կիսամերկ զինվորի սրի ծայրով «վերախմբագրեց» Բաթումի նվաստացուցիչ պայմանագիրը, որով հայկական շատ գավառների հետ Սյունիքը ևս հանձնված էր Ադրբեջանին: 1919-ի հոկտեմբերին իր ավագ ընկերոջ կիսատ գործը շարունակելու առաքելությամբ այստեղ եկավ Գարեգին Նժդեհը:

Գեներալ Անդրանիկ Օզանյանն իր խորաթափանց մտքով շատ լավ հասկանում էր, որ Սյունիքի պես կարելի է լուծել նաև Ղարաբաղի հարցը, մանավանդ, որ այնտեղից կանչում էին հարազատ մարդիկ: 1918-ի ավարտին զորավարն Արցախ անցնելու երկու փորձ կատարեց, որոնք եղան անհաջող: Առաջին անգամ՝ ադրբեջանցիներից կաշառված Շուշվա հայ քաղաքապետի ու նրա արբանյակների, երկրորդ անգամ՝ Բաքվի նավթի հոտից մտախախտված անգլիացիների պատճառով:

Այսօր վիրավոր է Ղարաբաղը՝ մայր Հայաստանի Արցախ զավակը, և վտանգված է Սյունիքի գալիքը: Ամո՛թ, չարագործին: Զորավար Անդրանիկն է պատգամում. հայը վհատվելու իրավունք չունի, թող 2020թ. աշնանը կրած պարտությունը սթափեցնող ապտակ դառնա, որպեսզի նա մեջքն արագ շտկի, ոտքի կանգնի, իր արարիչ կամքով կորուստները վերականգնի ու եղածն ամուր պահի: Ուստի հենց այս պահին բոլորը պիտի լինեն ազգի փրկության համար ոտքի կանգնածների շարքերում:

 

http://Hraparak.am

 

error

Կիսվեք լուրերով