Սահմանազատումը GPS-ով կամ նմանատիպ այլ գործիքներով անթույլատրելի է

MasterNews

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին խիստ մտահոգում են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված խնդիրները, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի անվտանգային իրավիճակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Օրերս «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով պատասխանել ՀՀ անվտանգային խնդիրներին վերաբերող մի քանի հարցի։ Ներկայացնում ենք նախագահին ուղղված հարցերը և ի պատասխան դրանց Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանները։

— Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքում տեղաշարժում են իրենց դիրքերը՝ մոտենալով հայկական բնակավայրերին, հափշտակում անասուններին, արձակում կրակոցներ՝ փոքր և խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ստեղծված անվտանգային իրավիճակը։

— Հանրապետության նախագահն անթույլատրելի է համարում սահմանազատումը GPS-ով կամ նմանատիպ այլ գործիքներով։ Նախագահն անցյալ տարեվերջին այս հարցը բարձրացրել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում։ Հանրապետության նախագահն այն կարծիքին է, որ սահմանազատումն ու սահմանագծումը բարդ գործընթացներ են, որոնք ենթադրում են առնվազն հետևյալ փուլերը․ պետական դիրքորոշման ձևավորում և բուն աշխատանքների կազմակերպում։ Համապատասխան լիազորություններով օժտված պետական կառավարման մարմինները պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի այդ գործընթացը չիրականացվի ի հաշիվ ՀՀ տարածքի, անվտանգության և ի վնաս ՀՀ քաղաքացու։

— 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ զինված ուժերը Սյունիքում և Գեղարքունիքում տեղաշարժել են փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերից դիրքերը, հայկական զորքերը՝ ի վնաս Հայաստանի անվտանգության։ Առանց համապատասխան հանձնաժողովի՝ սահմանագծման և սահմանազատման որոշումների ՀՀ ԶՈՒ գործողությունները, Սյունիքում ստեղծված իրավիճակը քննարկե՞լ եք անվտանգության խորհրդի անդամների, ԶՈՒ ղեկավարության հետ։ ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ ՀՀ անվտանգությանը սպառնացող քայլերը կանխելու ուղղությամբ։

— Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է իր սահմանադրական լիազորությունների սահմաններում և չի կարող իրականացնել Սահմանադրությունից չբխող, իրեն չվերապահված այլ գործառույթներ։ Համազգային հարցերի շուրջ իր դիրքորոշումն ու մտահոգությունները նախագահը մշտապես արտահայտել ու արտահայտում է հրապարակային խոսքում։

— Պատերազմից արդեն երեք ամիս է անցել, ինչու՞ այս ընթացքում չեք այցելել Արցախ։ Պատրաստվու՞մ եք Ձեր բուժումն ավարտելուց հետո առաջիկայում մեկնել Արցախ և Սյունիք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին։

— Առողջական վիճակի բարելավումից հետո և բժիշկների թույլտվության դեպքում Հանրապետության նախագահը կշարունակի իր այցելությունները մարզեր, ինչպես նաև Արցախ։

— Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանում առկա հայատյացության քաղաքականության դրսևորումները։ Պաշտոնական Երևանի արձագանքն ու հակազդեցությունը նման դրսևորումներին բավարա՞ր եք համարում։

— Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը պետականորեն ամրագրված և տարիներով իրականացվող հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որը հատկապես այսօր կարիք ունի ավելի կոշտ և արդյունավետ հակազդեցության, այդ թվում և՝ միջազգային հանրության կողմից։ Նախագահը բազմիցս նշել է, որ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով։ Նա համարում է, որ հայերի հանդեպ իրականացվող Ադրբեջանի այդ քաղաքականությունն էթնիկական զտում է։

Աղբյուր` Փաստինֆո

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չայկովսկի փ. 15, […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram