Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

MasterNews

Գևորգ Պետրոսյանը հայտարարել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետրոսյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով՝ սույնով հայտարարում եմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին»,-նշել է Պետրոսյանը:

Նա անկեղծացել է՝ մեծ դժվարությամբ է կայացրել այս որոշումը: Նա շեշտել է՝ հաշվի առնելով այն, որ առաջնային մանդատ կրող պաշտոնյայի թիվ մեկ առաքելությունը ցանկացած իրավիճակում երկրի ու ժողովրդի համար գերկարևոր խնդիրներին առավելագույնս արագ և համարժեք արձագանքելու պարտականությունն է, այլ ոչ թե անձնական զգուշավորության մասին հոգածությունը, իր համար անընդունելի է հստակ քայլեր կատարելու հարցերում հապաղումը, ինչը պայմանավորված է խմբակցությանն անդամակցության հանգամանքով:

«Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը: Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը»,-նշել է Պետրոսյանը:

Նա հավելել է, որ միաժամանակ, հաշվի առնելով այն, որ պատգամավորը պարտավոր է քաղաքացու տված վստահությունը հասցնել ավարտին, ինքը կշարունակի Ազգային ժողովում իր աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր: Նա շնորհակալություն է հայտնել ԲՀԿ խմբակցության իր սրտացավ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:

Next Post

Չինացի հաքերները փորձել են ջարդել ամերիկական Pfizer դեղագործական ընկերության սերվերները

Չինացի հաքերները փորձել են ջարդել ամերիկական Pfizer դեղագործական ընկերության սերվերները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին տեղեկություններ ստանալու համար, հաղորդում է Ռենհապը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի Ազգային […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram