Կառավարության պարտքն այս տարվա վերջին ենթադրվում է, որ կմոտենա 8,5 մլրդ դոլարի։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Իսկ պետական պարտքը, նրա խոսքով, 8,9 մլրդ դոլարի կհասնի։ Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ընդհանուր պարտքի մասով կկազմի 70 տոկոս, իսկ միայն կառավարության պարտքի մասով՝ 66 տոկոս, բայց կանխատեսված ՀՆԱ-ի ցուցանիշի պայմաններում։
Ըստ Ջանջուղազյանի՝ ՀՀ կառավարության կողմից 750 մլն դոլարի եվրաբոնդեր թողարկելու հարցում արտառոց ոչինչ չկա։
«2021 թվականի Բյուջեի մասին օրենքով՝ որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր արդեն իսկ նախատեսված է 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ մոտավորապես 242 մլրդ դրամ՝ որպես դեֆիցիտի ֆինանսավորման գումար՝ միջազգային ֆինանսական շուկայից պարտատոմս ներգրավելու ճանապարհով։ Այսինքն՝ սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկած, չնախատեսված պարտքի ներգրավում է, այլ ճիշտ հակառակը՝ օրենքով 2021 թվականի համար դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացումն է»,- ասաց նա։