Բանակն ընկճվելու իրավունք չունի. Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ

MasterNews

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել Զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ:

«Հարգելի΄ զինակից ընկերներ, այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ:

Այս անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գործում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին:

Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել: Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը… Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը:

Շնորհակա΄լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու և անօրինակ սխրանքների համար:

Բանակն ընկճվելու իրավունք չունի΄. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև, և այժմ` առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցության կարիք ունի: Որքան էլ դժվար է ու բարդ, մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ:

Վստա΄հ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու:

Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը:

Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ-կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից:

Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:

Այս սուրբ օրը շնորհավորե΄նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոստանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու անզիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:

Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին:

Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ:

Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է Օնիկ Գասպարյանը:

Թողնել պատասխան

Next Post

Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ֆիզիկապես, ես այսօրվանից սկսում եմ. Վահան Բադասյան

Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ֆիզիկապես, նաև զենքով։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։ «Նիկոլ Փաշինյանից պետք է սկսել, ամբողջ հրամանատարական կազմն […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram