Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 0,5 տուգանային միավոր

MasterNews

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընթացքի ժամանակ ծխելու համար ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների վարորդների նկատմամբ կիրառել 1, իսկ անձնական տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ 0,5 տուգանային միավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկով նախագծում կատարվել է փոփոխություն՝ անձնական տրանսպորտային միջոցի վարորդի կողմից վարելու ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրանք կամ դրա փոխարինիչ օգտագործելու համար 1 բալի փոխարեն տուգանել 0.5 միավոր` հաշվի առնելով նշված արարքի առավել նվազ վտանգավորությունը հասարակական տրանսպորտի վարորդների կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ»,- ասաց Ֆիդանյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ: Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն:

Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար:

Թողնել պատասխան

Next Post

Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը տեղեկացնում է, որ 68 տարեկանում մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։ Վիգեն Ստեփանյանը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 8-ին, […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram