Կարանտինը երկարաձգելու նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ

MasterNews

Հայաստանում կարանտինի երկարաձգումը հնարավորություն կտա պահպանել առկա կարգավորումները` շարունակելով դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, այս նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս նշել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի հարցազրույցի ընթացքում բարձրաձայնված խնդիրներին:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով: Նախևառաջ, կցանկանայի շեշտել, որ տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման , փակ հաստատությունների (օրինակ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ»,-նշել է Նիկողոսյանը:

Նա շեշտել է՝ հետևաբար կարանտինը չերկարացնելու դեպքում, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ: «Նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը այդ կազմակերպություններում»,-նշել է խոսնակը:

Նրա կարծիքով՝ ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասսայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է:

Նիկողոսյանը հիշեցրել է, որ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք 2901՝ մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:

«Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչն առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է:

Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու»,-գրել է Նիկողոսյանը:

Ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար նա վստահեցրել է, որ առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հադրութի Թութակներ տեղամասից դեպի Խծաբերդ հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանի մարտական գործողությունների Թութակներ տեղամասից Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram