Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից 12 տուն հունվարի 5-ից անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այսօր Գորիսի և Շուռնուխի համայնքապետերը զինվորականների հետ հանդիպել են գյուղի բնակիչներին ու զրուցել անվտանգության հարցերի վերաբերյալ։
«Ամենաառաջինը անվտանգության կանոնները պահելն է։ Փողոցն անցնելը արդեն էգուցվանից դառնում է պրոբլեմ։ Աստված չանի, անասունն անց կացավ, անասունի հետևից գնալ չկա։ Կդիմենք մեր սահմանապահ տղաներին։ Այսօր այստեղ պատասխանատուն կապիտան Օհանյանն է, ինչ լինի իրենց միջոցով։ Անասունի հետևից գնալ չկա, թուրք գեներալն իրա բերանով ասաց հստակ՝ մեր սահմանապահները գիտեն ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք։ Այսինքն՝ մեր ներքևի թաղն իրենք համարում են ադրբեջանական հող»,- բնակիչներին ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
Գյուղացիները հետաքրքրվեցին՝ Գորիս ու Կապան գնալու համար ի՞նչ են անելու։ Համայնքի ղեկավարն ասաց, որ ճանապարհը վերահսկվելու է հայ և ռուս սահմանապահների կողմից։ «Ճանապարհի հետ կապված խնդիր չի լինելու»,- հավելեց նա։
Շուռնուխի բնակիչները բարձրացնում են անասպանահական խնդիրները։ «Որ մեր գյուղացիները գարնանից հետո էլ մնան գյուղում, անասպանահությունը պետք է շարունակվի»,- ասացին նրանք։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նշեց՝ քանի որ արտովայրերի խնդիր կա, «խելացի անասնագոմերի» ծրագիր է իրականացվելու գյուղում։
«Այսինքն՝ մենք ոչ մի վայրկյան չպիտի մտածենք, որ խնդրի մեջ ենք։ Շատ էլ կառավարություն չկա, բայց մենք մեռած չենք»,- ասաց Առուշանյանը։
Գյուղացիներն առաջարկում են նաև փշալարեր անցկացնել գյուղի տարածքում, որպեսզի անասունները չիջնեն գյուղի ներքևի հատվածներ։
«Թուրքը եկել ա, ջհանդամը գա, հարցը մեր վախենալն ու փախնելը չէ, հարցը մեր ապրելու միջոցն ա»,- ասում են գյուղացիները։