Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսությունը կփակվի, Եկատերինբուրգում հյուպատոսությունը աշխատանքը կդադարեցնի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Associated Press-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը Կոնգրեսին իրազեկել է Ռուսաստանում մնացած երկու հյուպատոսությունների աշխատանքի դադարեցման ծրագրերի մասին:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանում դեսպան Ջոն Սալիվանի հետ սերտ խորհրդակցությունների ժամանակ որոշել է փակել Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը եւ դադարեցնել Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքը: Սա Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների անվտանգ գործողությունների ապահովման մեր շարունակվող ջանքերի մասն է»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: