Անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքները 6 ամիս ամսական 300 հազար դրամ կստանան

MasterNews

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այսօր գործող կարգավորումներով գոյություն ունի ժամկետ, երբ պետք է անհետ կորածի կարգավիճակը հստակեցվի: «Այս նախագծով առաջարկվում է մինչև այդ հստակեցումը առավելագույնը 6 ամիս ժամկետով ամենամսյա դրամական օգնություն տրամադրել՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով»,- ասաց նախարարը:

Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում ռազմական գործողությունների հետևանքով հարազատների դիմումների հիման վրա պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում գրանցված անձինք, որոնց վերաբերյալ առկա չէ տեղեկատվություն, որ նրանց գտնվելու վայրն անհայտ է դարձել զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու արդյունքում։

Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՊՆ-ից ստացված տվյալները:

Աջակցությունը տրամադրվելու է բյուջեի կողմից, այս պահին 500 մլն դրամի չափով, որից հետո՝ եռամսյա պարբերականությամբ՝ հիմք ընդունելով հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ օրենսդրությունը պահանջում է, որ անհայտ կորածի կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով մեկ տարվա ընթացքում: «Հիմա առաջարկվում է, որ այդ ժամկետը կրճատվի և ավելի արագ տեղի ունենա այդ գործընթացը: Բայց քանի որ ինչքան էլ կրճատենք, այդ պրոցեսները մի քանի ամիս տևելու են, մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից գումար կփոխանցվի Հիմնադրամին, որպեսզի Հիմնադրամը անհայտ կորածի կարգավիճակի հավանականություն ունեցող ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրամադրի, մինչև նրանց կարգավիճակը կհստակեցվի: Եթե պարզվի, որ այդ անձինք շահառու են, ապա այդ գումարը կհաշվանցվի, իսկ եթե պարզվի, որ շահառու չեն, այդ գումարը կհամարվի անհատույց աջակցություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս որոշումը ներառում է նաև գերեվարված անձանց ընտանիքներին:

Թողնել պատասխան

Next Post

Եթե Հայաստանի ղեկավարությունը դրական քայլեր կատարի, մենք կարող ենք բացել Հայաստանի հետ մեր սահմանը

Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորության մասին: «Ես ցանկանում եմ կարեւորել տարածաշրջանային անվտանգության ապահովման այն հարթակը, […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram