Սեդրակ Առուստամյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

MasterNews

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ազատ կարձակվի։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է Սեդրակ Առուստամյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ գրավի չափ է սահմանվել 50 մլն դրամը։

«Միջնորդությունը ներկայացվել է նոր ի հայտ եկած հանգամանքով, սակայն մանրամասներ հայտնել չեմ կարող՝ նախաքննական գաղտնիքից ելնելով։ Լրացուցիչ հանգամանքներ կան»,- նշեց Սուքիասյանը՝ հավելելով, որ ներկայացված հիմնավորումները դատարանը համարել է հաստատված։

Առուստամյանի կալանավորման հիմքում ընկած էր գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, կալանավորման մյուս հիմքերը դատարանը հաստատված չէր համարել։ Գրավի միջնորդությունը բավարարելով ՝ դատավոր Կարեն Ֆարխոյանն արձանագրել է, որ խոչընդոտման ռիսկը նվազել է, ուստի, գրավը կիրառելի է։

Պաշտպանը նշեց, որ Առուստամյանի մեղադրանքի հիմքում միայն ենթադրություններ են, խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ էլ մեղադրանքի կողմը միայն ենթադրություններ էր անում, որևէ փաստ չի ներկայացնում։
Ինչ վերաբերում է Սեդրակ Առուստամյանի մասնակցությամբ կատարվող քննչական գործողություններին, ապա պաշտպանը տեղեկացրեց, որ Առուստամյանի մասնակցությամբ միայն հարցաքննություններ են եղել, վերջինս մեղադրանքը չի ընդունել, իսկ առերես հարցաքննությունների կարիք չի եղել, քանի որ ցուցմունքներում հակասություններ չկան։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում: Ապրիլի 23-ի երեկոյան նրան հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: Այնուհետև՝ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և կաշառք տալու համար: Վերջինս չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՊԵԿ նախկին նախագահ Գ. Խ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՊԵԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

 

Թողնել պատասխան

Next Post

Ադրբեջանը դիակների փոխանակման գործընթացը ձգձգում է. ԱԻՊԾ-ն արդեն հայտնաբերել է 693 հայ զինծառայողի մարմին

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչև օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին […]

Կարդացեք նաև