Չինաստանը թույլ չի տա որեւէ ուժի անքաղաքավարորեն միջամտել եւ փորձել պառակտել երկրի «սուրբ հողը», ի պատասխան նման բանի «ջախջախիչ հարված» կհասցվի, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք, իհարկե, անտարբեր չենք հետեւի, թե ինչպես են խարխլվում մեր պետական ինքնիշխանությունը, անվտանգության եւ զարգացման շահերը, թույլ չենք տա որեւէ ուժի կոպտորեն միջամտել եւ պառակտել մեր հայրենիքի սուրբ հողը: Նման իրավիճակի դեպքում Չինաստանի ժողովուրդը ջախջախիչ հարված կհասցնի»,- ուրբաթ իր ելույթում ասել է Սի Ծինպինը:
Նա շեշտել է, որ Չինաստանը պաշտպանական ռազմական քաղաքականություն է վարում, երկրի զինված ուժերն ամուր են միջազգային խաղաղության պաշտպանության գործում: «Չինաստանը երբեք գերակայության, ընդլայնման չի ձգտել եւ կտրականապես դեմ է գերտերության գաղափարին եւ կոպիտ ուժի քաղաքականությանը», հավելել է Չինաստանի առաջնորդը: