Որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլորը կիրառեն այդ կանոնները

MasterNews

 

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, եւ մենք, ըստ էության, գործ ունենք վարակի 2-րդ ալիքի հետ։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս իրավիճակի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ մենք, ըստ էության, գիտենք այն ձեւը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի։ Այս ընթացքում պարետատունը հաստատել է անվտանգության ոլորտային կանոններ, եւ մենք խնդիր ենք դրել այդ ոլորտային կանոններից դուրս բերել համընդհանուր կանոն եւ փորձել ենք այդ կանոնը հնարավորինս պարզեցնել, որպեսզի ուղերձը մեր քաղաքացիներին հնարավորինս պարզ լինի եւ կիրառելի»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ իրենց համոզմունքն է, եւ մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում եկել են հետեւյալ եզրակացության՝ կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել 3 պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն։

«Հետեւաբար, մեր գործիքակազմի մեջ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը եւ, մեծ հաշվով, հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք կլինի համաճարակային իրավիճակին։ Դեռեւս 1 ամիս առաջ մենք հրապարակել ենք մեր ռազմավարությունը համավարակի հետ կապված՝ ասելով, որ մեր խնդիրն է սովորել ապրել կորոնավիրուսի համավարակին զուգահեռ։ Այսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռեւս չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ ակնհայտ է, որ առաջիկա 1 տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու, եւ անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլեւ համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն. «Օրինակ՝ այսօր էլ դուք գիտեք, որ խնդիր կա, եւ մեզ համար սկզբունքային խնդիր է։ Մենք մեր բազմաթիվ քաղաքացիներին վերադարձնում ենք հայրենիք, եւ նրանց մեջ կան եւ հետագայում էլ կլինեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե հանրային վարքագծով չկարողանան կանխել կորոնավիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու են նման իրավիճակի առաջ։

«Մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը 2 մեթոդով. 1-ինը հանրային հաղորդակցությունն է. բարձրացնել մեր հայրենակիցների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, 2-րդը վարչական մեթոդն է, եւ մենք պարետատան երեկվա նիստում որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիները կիրառեն այդ կանոնները»,- ասաց նա։

Վարչապետը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ պատժամիջոցներ են կիրառել տնտեսվարողների նկատմամբ։

Ի պատասխան՝ Ասոյանն ասաց, որ հսկողական-վերահսկողական աշխատանքներն իրականացում է 4 տեսչական մարմին. «Հիմնական աշխատանքները տարվում են այն ոլորտներում, որտեղ առավել ռիսկային է՝ արտադրամասերում, խանութներում, բանկերում, որտեղ հնարավոր են կուտակումներ եւ վարակի տարածում։ 1 շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, եւս 12-ը հավանաբար այսօր կփակվի՝ պարետի որոշմամբ։ Այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից խորհրդատվություն է իրականացվել հանրային սննդի ոլորտի 9561 տնտեսվարողների մոտ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 24 ժամով։ Ընդհանուր 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել։ Աշխատանքները շարունակում ենք իրականացնել նաեւ ճանապարհային ոստիկանության հետ միասին։ Քաղաքաշինական հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տրանսպորտի ոլորտում իր հնարավորությունների սահմաններում աջակցում է ոստիկանությանը։ Մասնակցում են ախտահանման աշխատանքների նկատմամբ վերահսկողությանը եւ հանրային տրանսպորտում ուղեւորների կողմից անվտանգության նորմերի սահմանված չափորոշիչների պահպանմանը»։

Ասոյանի խոսքով՝ նաեւ հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում, եւ մոնիթորինգի արդյունքում պարզել են, որ շուրջ 120 մանկապարտեզ երեխաների 8.3 տոկոսն է հաճախում:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի կանոնները չպահպանելու պատճառով դադարեցվել է 823 տնտեսվարողի գործունեություն

Հայաստանում ընդհանուր 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել՝ կորոնավիրուսի տարածման կանխման անվտանգության կանոնների խախտման համար: Այդ մասին կառավարության նիստում նշեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար […]
Share
Instagram
Telegram