Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տան խուզարկությունը կատարվել է առանց դատարանի որոշման

MasterNews

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գ․ Պողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի», տան խուզարկության վերաբերյալ բողոքի քննությունը։ Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավորը հստակեցրեց, թե արդյո՞ք դատավարության կողմերն ունեն ինքնաբացարկի միջնորդություններ, իսկ կողմերը բացասական պատասխան հայտնեցին։

Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո փաստաբան Երվանդ Վարոսյանը սկսեց ներկայացնել բողոքը, մասնավորապես՝ Արամ Վարդանյանի տան խուզարկության ընթացքում կատարված ապօրինությունները` նշելով, որ տան խուզարկությունը կատարվել է առանց դատարանի որոշման։

Նրա խոսքով՝ որևէ անձ փորձ չի կատարել թաքնվել Արամ Վարդանյանի տանը կամ հարակից տներում, որևէ հանցագործություն տեղի չի ունեցել տան տարածքում, ոստիկանները Արամ Վարդանյանի տուն և հարակից տները չեն ներխուժել հանցանքի մեջ կասկածվող անձի հայտնաբերելու համար։

Անդրադառնալով տան խուզարկության ընթացքում ոստիկանների կողմից հրազենը մերկացնելու ընթացքին՝ Վարոսյանը նշեց, որ ոստիկանության ծառայողը կարող է հրազենը մերկացնել, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող է հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջանալ, մինչդեռ՝ տվյալ դեպքում նման անհրաժեշտություն չի եղել։ Փաստաբանը հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որտեղ ներկայացված են փաստեր, որոնք կարող են առերևույթ պարունակել հանցակազմի հատկանիշներ։ Դիմել են դատախազություն՝ փաստի առթիվ հարուցել քրեական գործ և իրականացնել նախաքննություն, սակայն, փոխարենը՝ դատախազի տեղակալ Հարությունյանը քրեական գործ հարուցելու խնդրանքով հաղորդումն ուղարկել է ոստիկանության պետին՝ ծառայողական քննություն կատարելու։

Փաստաբանը գտնում է, որ ոստիկանությունը չի կարող հանդիսանալ այն մարմինը,որը պետք է քննություն իրականացնի ոստիկանության ծառայողների կողմից կատարված գործողությունների օրինականության վերաբերյալ։

Նշենք, որ մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված եւ զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ եւ, ինչպես երեւում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետեւանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաեւ հափշտակության դեպքեր։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս […]
Share
Instagram
Telegram