Ալիեւը զայրացրել է Պուտինին. Նախիջեւանի պատասխան Դաղստանու՞մ

MasterNews

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով կապվել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ եւ քննարկել կորոնավիրուսի պայմաններում երկու երկրների քաղաքացիների հայրենիք վերադառնալու հետ կապված հարցերը, այդ խնդրի շուրջ ամենօրյա համակարգված աշխատանքը:

Ռուսաստանի համար ըստ ամենայնի ադրբեջանցիների խնդիրը դարձել է բավականին ցավոտ, նկատի ունենալով այն, որ նախօրեին էլ այդ խնդիրը քննարկել են Պուտինն ու Ալիեւը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՌԴ նախագահի նախաձեռնությամբ: Ընդ որում, հետաքրքիր է, որ Ադրբեջանի տարածած տեղեկության մեջ նշվում է երկկողմ հարցերի շուրջ քննարկումների , հետվարակային երկկողմ գործակցության մասին, իսկ ահա Կրեմլի կայքում որպես զրույցի թեմա խոսվում է լոկ ռուս-ադրբեջանական սահմանի դաղստանյան հատվածում կուտակված ադրբեջանցիներին հայրենիք վերադարձնելու խնդրի մասին:

Այդ հանգամանքը վկայում է, որ Ռուսաստանի համար Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցում խնդիրը մեկն է: Այդ ֆոնին էլ հաջորդիվ Լավրով-Մամեդյարով հեռախոսազրույցը վկայում է, որ Բաքուն լրջորեն անհանգստացրել է Մոսկվային՝ փաստացի հրաժարվելով ընդունել ցամաքային սահմանին կուտակված մեծ թվով ադրբեջանցիներին: Ըստ տարբեր գնահատականների, նրանք մի քանի հազար են:

Ընդ որում, այդ խնդիրը իր հերթին բավական ընդգրկուն է ընդհանրապես Դաղստանում վարակային իրավիճակի առնչությամբ Պուտինի մտահոգության ֆոնին: Նա օրերս կոչ էր արել իրավիճակը կառավարելու համար ներգրավել արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներ: Ալիեւին ու Մամեդյարովին Մոսկվայից զանգերը վկայում են, որ Կրեմլից Բաքվին հորդորում են «դուրս գալ» Դաղստանից:

Պուտինն ինչ որ կասկածնե՞ր ունի այդ առնչությամբ՝ սահմանին կուտակված ադրբեջանցիների առումով, որոնք Բաքուն չգիտես ինչու հրաժարվում է ընդունել, թե՞ Դաղստանում պատրաստվում է հատուկ որեւէ գործողության եւ Ալիեւին հորդորում է տեր կանգնել ադրբեջանցիներին, հետո որեւէ մեկին չմեղադրելու համար:

Պետք չէ բացառել, որ Բաքուն դիմում է պարզապես շանտաժի եւ փորձում առեւտուր անել, հնարավոր է անգամ արցախյան հարցի առումով:

Պուտինի եւ Լավրովի զանգերն առեւտու՞ր են, թե վերջնագիր Բաքվին: Իսկ արդյոք Դաղստանում կուտակված ադրբեջանցիներին Պուտինը հիշել է Նախիջեւանում Բաքվի սկսած զորավարժության ֆոնին, որն անկասկած ցուցադրություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ Մոսկվայի համար: Ավելին, հնարավոր է Բաքուն ընդամենը Թուրքիայի միջնորդն է այդ ցուցադրությունում, ինչի համար էլ պատասխանը հետեւում է  Դաղստանի զգայուն եւ ռուսական նորագույն պատմության համար խորհրդանշական «ուղղությամբ»:

http://Lragir.am

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և Կոտայքի մարզում

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Իսահակյան փ. […]
Share
Instagram
Telegram