Կառավարությունը կհատկացնի 743 մլն դրամ դպրոցների և մարզադպրոցների կառուցման համար

MasterNews

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը բյուջեով հատկացված միջոցներից 743 մլն 769 հազար դրամ կհատկացնի Քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար: Գործադիրի նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նշվածը բխում է ուսումնական և մարզական հաստատությունների նորոգման/հիմնանորոգման, կառուցման/վերակառուցման, մասնաշենքերի, մարզադահլիճների կառուցման/վերակառուցման, ինչպես նաև Արմավիրի մարզում «ծանրամարտ» մարզաձևի համար ժամանակակից ու արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճի կառուցման անհրաժեշտությունից։

«Արմենպրես»ի փոխանցմամբ, մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից արդեն կնքվել են «Երևանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման, թվով 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման, ինչպես նաև Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի և Հրանտ Շահինյանի անվան  սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերը։

«Որոշման ընդունման անհրաժեշտությունն ելնում է նաև այն հանգամանքից, որ որոշ ուսումնական ու մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար 2019 թվականին արդեն կազմվել են նախագծեր և 2020 թվականին անհրաժեշտ է դառնում այդ շինությունների կառուցման/վերակառուցման աշխատանքների կազմակերպումը»,- ասաց նախարարը։ Այդ հաստատություններն են Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, որի համար նախագծված է հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում, Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը և «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը։

Վարդենիսի միջնակարգ դպրոցի կառուցման համար ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1553-Ն որոշմամբ հատկացվել է 70519,7 հազար դրամ գումար, սակայն պայմանագիրը կնքվել է 12․12․2019թ․և ժամանակի սղության պատճառով շուրջ 47 մլն դրամը չի իրացվել եւ վերադարձվել է ՀՀ պետական բյուջե, ինչից էլ առաջացել է այս աշխատանքների համար 47054,8 հազար դրամ գումար լրացուցիչ հատկացնելու անհրաժեշտությունը։

Վանաձոր քաղաքի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման ավարտական աշխատանքների համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է 460,004.8 հազար դրամ, սակայն քանդման աշխատանքների ընթացքում անցքավոր ծածկի սալերի հենման տեղերում, վերին հատվածներում, լայնական ուղղությամբ երեւացել են ընդգծված ճաքեր, ինչի հետեւանքով էլ անրաժեշտություն է առաջացել կատարել ծածկի սալերի լրացուցիչ ուժեղացման եւ կրող միջնապատերի ամբողջական, երկկողմանի տորկրետացման աշխատանքներ: Արդյունքում, նախագծային փոփոխությունների  նախահաշվային արժեքը կազմել է 57468,9 հազար դրամ եւ ստացել է քաղաքաշինական փորձաքննության դրական եզրակացություն:

Այսպես, որոշման նախագծով նախատեսվում են հետևյալ կառուցման/վերակառուցման աշխատանքները․

ՀՀ Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցում,

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցում,

ՀՀ Երևան քաղաքի Օլիմպիական հերթափոխի պետական  մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի կառուցում։

Ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը կնպաստի ուսումնական պրոցեսի առավել արդյունավետ կազմակերպմանը, իսկ մարզադպրոցների եւ ծանրամարտի մարզադահլիճի կառուցումը՝ հեծանվային սպորտի, ակրոբատիկայի եւ ծանրամարտի մարզաձեւերի մասսայականացմանը եւ զարգացմանը, մարզական բարձր արդյունքների ցուցաբերմանը։

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց աղետի գոտու 229 ընտանիքների համար բնակելի տներ կառուցելու նպատակով

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3 մլրդ դրամ հատկացնել աղետի գոտում՝ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, 229 ընտանիքների համար բնակելի տներ կառուցելու նպատակով։ Հարցը ներկայացրեց […]
Share
Instagram
Telegram