ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ արտահերթ նիստում բարձրացրեց Ռուսաստանի հետ Հայաստանի գազային պայմանագիրը վերանայելու հարցը:

Բաբաջանյանն ասաց, որ Ռուսաստանը փաստորեն որոշել է չհրաժարվել գազի գինը թանկացնելու որոշումից: «Ակնհայտ է, որ թանկացած գազի գինը ուղիղ ու շղթայաբար ազդելու է տնտեսության գրեթե բոլոր հատվածների վրա և հանգեցնելու է գնաճի: Այսինքն՝ Ռուսաստանը ճգնաժամի պայմաններում ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական գործընկերոջն ու ԵԱՏՄ անդամ Հայաստանին, այլ իր այս որոշմամբ հավելյալ ռիսկեր է ստեղծում մեր տնտեսության համար: Ընդ որում, դա արվում է չափազանց վատ տոնով ու հիմնավորումներով: Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ըստ էության խոստովանեց, որ գազի գնի թանկացումը Ռուսաստանի կողմից պատասխան քայլ է Հայաստանում օրինականության հաստատմանն ուղղված գործընթացներին»,- նշեց նա:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը Ռուսաստանի կողմից որպես մահակ օգտագործելու իրողությունը հետևանք է Հայաստանի նախկին իշխանությունների կողմից կնքված գազային խայտառակ համաձայնագրի և Հայաստանի ներքին գազաբաշխման համակարգն ամբողջության «Գազպրոմին» հանձնելու որոշման:

«Հասկանալի է, որ դրանք միանգամից չեղարկելը չափազանց բարդ է՝ կապված միջպետական հարաբերությունների բազմաթիվ խութային ասպեկտների հետ: Սակայն մենք՝ որպես Ազգային ժողով, Հայաստանի իշխանություն ընդհանուր առմամբ, պետք է մտածենք այդ մասին՝ Հայաստանի սպառողին ու տնտեսությանն ամեն օր վնաս հասցնող գազային այդ խայտառակ համաձայնագիրը վերանայելու մասին: Ընդ որում՝ դրա մասին պետք է մտածենք ոչ միայն Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների տիրույթում, այլև ԵԱՏՄ-ին մեր անդամակցության համատեքստում: Մենք փաստորոն շարունակում ենք անդամակցել մի միության, որի գլխավոր շահառուն՝ Ռուսաստանը նաև տնտեսական հարցերում մեր նկատմամբ դրսևորում է ամենևին ոչ գործընկերային ու ոչ դաշնակցային մոտեցում: Հետևաբար, մենք լրջորեն պետք է մտածենք մեր հետագա քայլերի մասին՝ առաջ մղելով մեր պետական, ազգային շահերը»,- հավելեց նա:

http://Lragir.am