Նախիջեւանը կտրվեց. ինչ է կատարվում ներսում

MasterNews

Նախիջեւանն արգելել է Ադրբեջանի այլ շրջաններից քաղաքացիների մուտքը իր տարածք: Ինքնավարությունը փաստորեն կտրվել է Ադրբեջանից: Հատկանշական է, որ Նախիջեւանում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պայքարի առանձին հիմնադրամ:

Առաջին հայացքից կարանտինային ունիվերսալ միջոցառումը՝ սահմանները փակում են բոլորը, Նախիջեւանի դեպքում ունի առանձնահատուկ նշանակություն, հաշվի առնելով այդ միավորման շուրջ կամ ավելի շուտ դրա տակ ծավալվող զարգացումները:

Գործնականում, ԽՍՀՄ փլուզումից հետո Նախիջեւանը դե ֆակտո դադարել է լինել Ադրբեջանինը եւ այնտեղ ազդեցության համար ընթացել է սուր պայքար Թուրքիայի եւ Իրանի միջեւ: Պաշտոնական Բաքուն մի շարք հանգամանքների բերումով հակված էր թուրքական ազդեցությանը նպաստելուն, ընտրելով «չարյաց փոքրագույնը»:

Բայց, ներկայիս աշխարհքաղաքական իրավիճակն ու զարգացման միտումները Բաքվի համար փոքր չարիքը գործնականում կարող են դարձնել մեծ խնդիր, եւ դրա նշաններն ու սպասումը կա նաեւ Բաքվում: Նախ, այնտեղ իր դիրքերը բավական զիջում է կառավարող նախիջեւանյան կլանը, կառավարող մյուս կլանի՝ Փաշաեւների հետ մրցակցությունում: Փաշաեւները հիմնական խաղադրույքը կատարում են մոսկովյան, այլ ոչ թուրքական ուղղությամբ:

Թուրքիայի համար Նախիջեւանն այդ առումով դառնում է Բաքվի վրա ճնշման լծակ, եթե այնտեղ էապես անտեսվեն Անկարայի հետաքրքրությունները: Մյուս կողմից, սակայն, որքանո՞վ դա կարող է լինել արդյունավետ խաղաքարտ Բաքվի ներիշխանական կլանային պայքարում: Կարո՞ղ են արդյոք Փաշաեւները պարզապես չտրվել «բլեֆին»: Որովհետեւ Նախիջեւանը լրջորեն խաղարկելու դեպքում Թուրքիան փաստացի պատերազմ է հայտարարելու Ադրբեջանին, ինչն աներեւակայելի է թվում:

Միեւնույն ժամանակ, ագրեսիվ «ինքնավարություն» խթանելու պարագայում էլ Փաշաեւներին կարող է օգնել Մոսկվան, առաջ քաշելով Նախիջեւանի հարցը՝ ռուս-թուրքական պայմանագրի հիմքով:

Իր հերթին, այդ հարցը կարող է խթանել Երեւանը, եթե կարողանա Մոսկվայի առաջ դնել ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի քաղաքական հարցն ու պատասխանատվությունը հակահայ այդ փաստաթղթի համար: Այդ պատասխանատվության փաթեթն անխուսափելիորեն շոշափելու է նաեւ Նախիջեւանի նկատմամբ հայկական իրավունքի հարցը: Երեւանն այդ իմաստով արել է հատկանշական ակնարկ պաշտոնական մակարդակով, նախորդ տարեվերջին ԱԳՆ հայտարարությամբ առաջին անգամ անդրադառնալով Նախիջեւանում Ագուլիսի հայության ջարդին եւ Նախիջեւանի հայաթափմանը:

http://lragir.am

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի

 Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 25 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի […]
Share
Instagram
Telegram