Հրանտ Թոխատյանը մտադիր է Երևանում բացել 21-րդ դարի պահանջներին համապատասխանող թատերական դպրոց

MasterNews

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Կանազի մշակույթի պալատ»-ի շենքում մտադիր է հիմնել թատրոն, թատերական դպրոց և պրոֆտեխնիկական ուսումնարան (ՊՏՈւ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դերասանը նախատեսում է ունենալ 21-րդ դարին համապատասխան թատրոն, բեմ, որը կունենա լուսային և ձայնային ժամանակակից տեխնիկա:

«Տարիներ շարունակ «Կանազի մշակույթի պալատ»-ը եղել է  անմխիթար վիճակում: Քաղաքապետարանի հետ կարողացանք ընդհանուր հայտարարի գալ և այժմ «Կանազ» մշակույթի պալատն անվարձահատույց տրամադրվել է մեզ՝ ներդրումային ծրագրի դիմաց: Մենք ներկայացրել էինք 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժեցող ծրագիր, սակայն աշխատանքները սկսելու պահին հասկացանք, որ շենքը գտնվում է կիսաքանդ վիճակում, տանիքի հետ կապված շատ լուրջ խնդիրներ կան:  Ներդրումային ծրագրի արժեքը բարձրացավ մինչև 3.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, արդեն ծախսվել է մոտ 60 հազար ԱՄՆ դոլար: Այժմ «Մշակույթի այբուբեն» հիմնադրամի միջոցներով սկսել ենք աշխատանքները և հույս ունեմ, որ կունենանք նաև նոր գործընկերներ: «Կանազ» մշակույթի պալատում կլինի թատրոն, թատերական դպրոցը և կից ՊՏՈւ-ն՝ պրոֆտեխնիկական ուսումնարանը»,- նշեց  Թոխատյանը և հավելեց, որ թատրոնն աշխատելու է 1970-ականներից որդեգրած մի ոճով, որն իր ասելիքն ունի և, ըստ նրա դրա վառ ապացույցներն են «Խաթաբալադա» «Mea Culpa-2» ներկայացումները:

Դերասանը շեշտեց, որ այդ ոճը դուր է գալիս հանդիսատեսին, իրենք էլ դեռ ասելիք ունեն և նմանատիպ ոճը պահելու և զարգացնելու համար պետք է նոր և ուրիշ մտածելակերպով և մոտեցումներով դերասաններ պատրաստեն:

«Մենք որոշեցինք ունենալ սեփական  թատրոնի շենք, քանի որ միշտ վարձով «ապրելը» դժվար է մի քանի պատճառներով՝ ներկայացումներն ավելի քիչ են լինում, ներկայացումների ինքնարժեքը բարձրանում է, ինչպես նաև ժամանակը շատ քիչ է լինում՝ ավելի շատ ներկայացումներ ստեղծելու համար»,- նկատեց Թոխատյանը:

Անդրադառնալով թատրոնի վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետին, նա նշեց, որ իրենց ճարտարապետներն ու դիզայներնը խոստացել են, որ մոտ 1.5 տարի անց Երևանը կունենա 2 նոր բեմ՝ մեծ և փորք, թատերական դպրոց և պրոֆտեխնիկական ուսումնարան:

Դպրոցը սկսելու է գործել 2020 թվականի սեպտեմբեր ամսից, որը կլինի շենքի առաջին հարկում: Այնտեղ կլինի նաև փորք բեմը, իսկ երկրորդ հարկում՝ մեծ:  Դպրոցն ունենալու է 3 խումբ՝ 3-10 տարեկան երեխաների համար, 10-15 և 15-ից բարձր տարիքի անձանց համար:

Առաջին հարկում, լինելու է փոքր բեմ, որը կտրամադրվի ուսանողական, ինչպես նաև երիտասարդ ռեժիսորներին՝ աշխատանքներ պատրաստելու համար:

«Մեծ բեմում կլինեն մեր ներկայացումները, որոնք սիրում է հանդիսատեսը և նրանք, որոնք գոյություն ունեն, սակայն չունեն տարածք: Իսկ, այն երիտասարդները, ովքեր կցանկանան սովորել նաև թատրոնի հետ կապված այլ մասնագիտություններ՝ բեմի, ձայնային, լուսային տեխնիկ, որոնց պահանջն այսօր շատ կա, մենք ստեղծում ենք ՊՏՈւ-ն»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստը:

Դպրոցի աշխատանքների հետ կապված պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆրանսիական կողմի հետ, հանձին հայազգի Սերժ Ավետիքյանի, ով իր հետ կբերի մասնագետներ, որոնք կդասավանդեն թատերական դպրոցի երեխաներին: Պայմանավորվածություններ կան նաև ՌԴ լավագույն թատերական բուհերի հետ, որպեսզի իրենց դասախոսները նույնպես «մաստեր կլաս»-ով հանդես գան:

«Մենք արդեն իսկ ունենք պրոդյուսերական կազմ, որը ղեկավարում է Արմեն Համբարձումյանը, ով մեր երկրում եզակի թատերական պրոդյուսերներից է: Դասախոսական կազմ դեռևս չունենք, սակայն այդ հարցը կլուծվի մինչև դպրոցի բացումը: Մենք ունենք լավ մասնագետներ, սակայն կլինեն նաև դրսից հրավիրվածներ: Մեզ հետ աշխատում են Լատվիայից հրավիրված մասնագետներ, իսկ մայիս ամսից կլինեն նաև Գերմանիայից, ովքեր կօգնեն ճարտարապետական լուծումների հարցում: Նմանատիպ բեմերի համար պետք է ունենանք պատրաստված, ուրիշ մտածելակերպով դերասաններ»,- նշեց Թոխատյանը:

Նա շեշտեց, որ այս պահին իրենք փնտրում են նոր գործընկերներ, քանի որ գումարը բավականին մեծ է, բայց կան մարդիկ, ովքեր պատրաստ են համագործակցել: Դերասանն ասաց, որ այս պահին պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը գտնվում է ԱՄՆ-ում՝ բանակցություններ է վարում, և հույս ունի, որ նա շատ լավ արդյունքներով կվերադառնա Հայաստան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Փետրվարի  15-16-ը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 17-ին սպասվում է թույլ ձյուն:   Կիսվել
Share
Instagram
Telegram