Նշանակալի քաղաքական զարգացում, հաղթանակ. միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են Սենատի որոշմանը

MasterNews

ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի միաձայն ընդունումը հայտնվել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ԶԼՄ-ների աչքից չի վրիպել ինչպես սենատոր Ռոբերտ Մենենդեսի հուզմունքը, այնպես էլ Սենատի կողմից «ցեղասպանություն» բառի վրա արված կարևոր շեշտադրումն ու հանրապետական սենատորների քվեարկությունը՝ հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: «Արմենպրես»-ն առանձնացրել է հեղինակավոր մի քանի լրատվամիջոցների կարևոր շեշտադրումները:

«CNN»-ի հոդվածագիրը Կոնգրեսի կողմից «ցեղասպանություն» բառը նշելը համարել է նշանակալի քաղաքական զարգացում՝ շեշտելով, որ Թուրքիան շարունակում է մինչև օրս պնդել, որ այդ սպանությունները ցեղասպանություն չեն, վիճարկում է զոհերի թիվը: «Թրամփի վարչակազմը հանրապետական սենատորներին հորդորել էր արգելափակել նմանատիպ առաջարկները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ այն պատճառաբանությամբ, որ դա կարող է թուլացնել Թուրքիայի հետ բանակցությունները»,-նշել է պարբերականն ու նկատել՝ այնուամենայնիվ, հինգշաբթի օրը առարկություններ չեղան:

Հեղինակավոր «The Guardian» պարբերականը նկատել է՝ ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկությամբ ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը՝  Թրամփի և Էրդողանի: «Մինչև այժմ Թուրքիան օգտագործում էր իր լծակները՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ի դաշնակից՝  ճնշելու Հայոց ցեղասպանության ճանաչումը և սպառնում էր երկկողմ հարաբերությունների հետևանքների համար: Սպիտակ տունը, մտահոգվելով Էրդողանի հետ արդեն իսկ լարված հարաբերությունները չսրելու համար, փորձել էր ձգձգել Սենատի քվեարկությունը… Սակայն հինգշաբթի օրը Թրամփը, կարծես թե, չկարողացավ համոզել Սենատի իր որևէ կողմնակցի՝ դեմ արտահայտվելու դրան»,-նկատել է պարբերականը։

«NBC News»-ի աչքից չի վրիպել բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսի հուզմունքը: «Ես շնորհակալ եմ, որ այս բանաձևն անցավ այն ժամանակ, երբ դեռ ողջ են այդ ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդիկ»,-ասել է Մենենդեսը՝ դադար տալով, որովհետև արցունքները խեղդել են:

Լրատվամիջոցը նաև շեշտել է, որ բանաձևը միաձայն ընդունվել է երեք տարբեր հանրապետական սենատորների կողմից երեք անգամ արգելափակելուց հետո:

Հեղինակավոր «The New York Times»-ը ամբողջ աշխարհի հայերի համար խորհրդանշական հաղթանակ է համարել, որ առաջին անգամ Սենատը 1915-ին Օսմանյան կայսրության ձեռքի տակ 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունները անվանել է որպես ցեղասպանություն:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իտալիայում մետեովտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել

Հորդառատ անձրեւներով, ուժգին պոռթկուն քամիներով եւ այս վայրերի համար արտասովոր ցրտերով անբարենպաստ եղանակ Է հաստատվել Իտալիայի բազմաթիվ շրջաններում. Քաղաքացիական պաշտպանության ծառայության որոշմամբ՝ առաջիկա օրերին մետեովտանգի […]
Facebook
Instagram
Telegram