Առերևույթ 20մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ

MasterNews

ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախանշված՝ Հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն սխեմաների բացահայտմանն ուղղված միջոցառումների ակտիվացման շրջանակներում պարզվում են նմանատիպ առերևույթ  հանցագործությունների նոր դեպքեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գկխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Շիրակի մարզային վարչության կողմից օպերատիվ տեղեկությունների իրացմամբ տվյալներ են ստացվել Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող՝ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում փաստացի աշխատանքի չհաճախած աշխատակիցների աշխատավարձերի գումարների յուրացման վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ա.Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով 2008թ. մինչև 2019թ. ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի իրեն վստահված միջոցների առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամ գումարի վատնում։ Մասնավորապես, նրա կողմից այդ ժամանակահատվածում որպես մարզիչներ են հրամանագրցվել 5 անձինք, որպես պահակ՝ 2 անձինք, ովքեր պարբերաբար աշխատանքի չեն հաճախել, տևական ժամանակով անձնական նպատակներով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից:

Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի ստորագրությամբ աշխատավարձերի վճարման տեղեկագրում կեղծ տվյալների ներառմամբ հաստատվել է այդ ժամանակահատվածներում նշված անձանց կողմից աշխատանքի հաճախելու փաստը, նրանց բացակայության ընթացքում վերջինների անվամբ հաշվարկվել և դուրս են գրվել ընդհանուրը՝ շուրջ 20.000.000 ՀՀ դրամ գումարներ, որոնք նրանք ստացել և տնօրինել են։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներ  և բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ Շիրակի մարզի դատախազությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սիրիայի հարավում երեք երեխա Է զոհվել ականի պայթյունից

Սիրիայի Դերաայի նահանգում՝ Հորդանանի հետ սահմանից ոչ հեռու, երեք երեխա Է զոհվել ականի պայթյունից, տուժել են եւս չորսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է […]
Share
Instagram
Telegram