Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնական փուլում լսելու են մոտ 40 պաշտոնյայի

MasterNews

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը: Նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ առաջարկում են հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել 6 ամսով:

Պատգամավորը նաեւ հակիրճ ներկայացրեց աշխատանքների այն ծավալը, որոնք իրականացրել են անցած վեց ամիսների ընթացքում։

Ըստ այդմ՝ հանձնաժողովի փորձագետները նախնական փուլում կազմել են նախնական ուսումնասիրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը հասցվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Հուլիսի 9-ին ՊՆ-ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը եւ սկսվել դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունները։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով, 147 տեքստային եւ 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական-վերլուծական, հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ եւ այլ բնույթի գաղտնի եւ հույժ գաղտնի փաստաթղթեր։

Ստացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ հանձնաժողովն անցկացրել է 21 նիստ, քննվել են 10 զինծառայողներ, դրա արդյունքում կազմվել եւ հնչեցվել է շուրջ 415 հարց, որոնց վերաբերյալ ստացվել են հետաքրքրող տեղեկություններ, պարզաբանումներ եւ կատարվել ճշտումներ։

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ուսումնասիրության վերջնական փուլում լսելու են մոտ 40 բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անվանացանկն արդեն իսկ հաստատվել է։

«Հետագա աշխատանքները կտեւեն մի քանի ամիս, եւ վերջին երկու ամիսը նախատեսում ենք վերջնական եզրակացությունների վրա համապարփակ աշխատանքի կազմակերպումը լիարժեք իրականացնելու համար»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանձնաժողովը որոշել է դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու համար։

Քննիչ հանձնաժողովի աշխատանքների համար նախատեսված էր նախնական վեց ամիս, սակայն հանձնաժողովականները, ինչպես եւ սպասվում էր, չեն տեղավորվում այս ժամկետում։ Հաշվի առնելով նյութերի եւ հրավիրյալների հսկայական ծավալը՝ հանձնաժողովականներն օգտվում են ուսումնասիրության ժամկետը վեց ամիս երկարաձգելու՝ օրենսդրության ընձեռած հնարավորությունից։

http://armtimes.com

 

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իրաքում մեկ գիշերում 20-ից ավել ցուցարար է սպանվել

Իրաքում շարունակվում են բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Հատկապես արյունալի բախումներ են գրանցվել մայրաքաղաք Բաղդադում: Նշվում է, որ դեկտեմբերի 7-ին անհայտ աձինք կրակ են […]
Share
Instagram
Telegram