ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվում է ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծը

MasterNews

Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, նեկայացնելով նախագիծը, ասաց, որ կառավարությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ հանրային առողջության պահպանումը գերակա է: Նախագծի նպատակն, ըստ փոխոնախարարի, հետևյալն է՝ ներկա և ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված բացասական ներգործությունից:

Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով մահացությունն ու հիավնդացությունը բարձր մակարդակի վրա է, և դա լուրջ առողջապահական, սոցիալական ու տնտեսական հիմնախնդիրներ է ստեղծում, ասաց Լենա Նանուշյանը:

«Ըստ 2016-17 թվականներին իրականացված հետազոտությունների՝ ծխում է Հայաստանի բնակչության 28 տոկոսը: Ներկայում ծխում է չափահաս տղամարդկանց կեսից մի փոքր ավելին՝ 52 տոկոսը, իսկ կանանց՝ 2-3 տոկոսը: Հարցվածների կեսից ավելին նշել են, որ ենթարկվել են ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը տանը: Արձանագրվել է նաև, որ հարցվածների 70 տոկոսն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը: Հայաստանը վաղաժամ մահերի առումով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առաջատար երկրներից է: Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80 տոկոս: Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից մեկը հանդիսանում է հենց ծխախոտի օգտագործումը»,- ասաց Լենա Նանուշյանը: Ծխելու հետևանքով, նրա խոսքով, առավել հաճախ հանդիպում են թոքի, բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, ստամոքսի, շագանակագեղձի, երիկամի, միզապարկի, կրծքագեղձի քաղցկեղները, սրտի իշեմիկ հիվանդությունը, կաթվածը և այլն:

Այսօր ՀՀ-ում յուրաքանչյուր երկրորդ մահը, ըստ փոխնախարարի, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից է, յուրաքանչյուր հինգերորդը՝ չարորակ մահացություններից:

Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով տնտեսությանը հասցվող վնասի վերաբերյալ տնտեսական բեռի վերլուծությունը ցույց է տալիս, որ ուղղակի ծախսերը, որոնք ուղղվում են սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղի և շնչառական խրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը, ըստ Նանուշյանի, ուղղակի այսբերգի գագաթն են: Անուղղակի ծախսերը ավելի քան 4 անգամ գերազանցում են ուղղակի ծախսերը: ՀՀ տնտեսության վնասն այսօր տարեկան կազմում է 362.7 մլրդ դրամ, որը համարժեք է 2017 թվականին երկրի ՀՆԱ-ի 6.5 տոկոսին:

Թեև Հայաստանը նախկինում միջազգային պարտավորություններ է ստանձնել՝ այս խնդիրը մեղմացնելու համար, բայց, ցավոք, ըստ Լենա Նանուշյանի, ստանձնած պարտավորությունները լիարժեք չեն իրականացվել:

Եվ այս նախագիծը միտված է միջազգային պարտավորությունների կատարմանը:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանի շոկոլադի գործարանը շեշտակիորեն ավելացնում է արտահանման ծավալները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության ծրագրերին և արտադրական գործընթացին։ Հիմնադիր Սոս Սահակյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ […]
Share
Instagram
Telegram