ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուն ՀՖՖ ղեկավարներին մեղադրում է դիրքը չարաշահելու մեջ. ՀՖՖ-ն հերքում է

MasterNews

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան-ակումբի հիմնադիր-ղեկավար Դենիս Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներին մեղադրում է սեփական դիրքն անձնական շահի համար օգտագործելու համար: Այս մասին նա հրապարակում է արել ֆեյսբուքյան էջում: Գրել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն իրենց ընտանիքի անդամներին ազգային հավաքականի հետ ուղեւորության են ուղարկել:

«Իսկ դուք գիտեի՞ք, որ մեր ֆեդերացիան դարձել է տուրիստական ընկերություն. մասնավորապես Վանեցյանն ու Մելիքբեկյան Արմենը իրենց դիրքը չարաշահելով հավաքականի հետ Լիխտենշտեյն եւ Ֆինլանդիա գործուղել էին իրենց ընտանիքի անդամներին՝ Վանեցյանը որդուն եւ որդու ընկերոջը, Մելիքբեկյանը՝ զոքանչին եւ աներոջը…»,- գրել է նա:

ՀՖՖ-ից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հերքեցին նշված տեղեկատվությունը: Ընդգծեցին, որ իրենց միջոցներով որեւէ կողմնակի անձ չի մեկնել ՀՖՖ պատվիրակության կազմում:

«Տեղեկացնում ենք, որ վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի արտագնա ուղեւորություններին ՀՖՖ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, մարզչական շտաբի, ադմինիստրատիվ, բժշկական եւ սպասարկող անձնակազմի, ՀՖՖ աշխատակազմի ներկայացուցիչները եւ ՀՖՖ Գործկոմի անդամները: Վերոնշյալ մարդկանցից բացի՝ ՀՖՖ միջոցներով որեւէ այլ անձ չի մեկնել ՀՖՖ պատվիրակության կազմում:

Ինչ վերաբերում է այն անձին, որի՝ սոցիալական ցանցում կատարած գրառումը մեջբերել եք Ձեր նամակում, պետք է փաստել, որ վերոնշյալ անձը ՀՖՖ-ին գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում ներգրավված է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Այսուհետեւ ՀՖՖ-ն չի պատրաստվում մեկնաբանել քրեական որեւէ գործով որպես մեղադրյալ ներգրավված ցանկացած անձի՝ որեւէ հարթակում հնչեցրած անհիմն մեղադրանքները»,- նշված է պաշտոնական պատասխանում:

Ֆինլանդիայի ու Լիխտենշտեյնի դեմ հանդիպումները տեղի են ունեցել համապատասպանաբար հոկտեմբերի 12-ին ու 15-ին: Երկուսն էլ կայացել են մրցակցի հարկի տակ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. ուղևորը տեղում մահացել է

Նոյեմբերի 19-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել […]
Share
Instagram
Telegram