Վրաստանից և Ճապոնիայից ներկրված մեքենաներն այսուհետ կձևակերպվեն Գյումրիում

MasterNews

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում հոկտեմբերի 14-ին մեկնարկեցին Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները: Այն մեքենաները, որոնք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, մաքսային ձևակերպումներն իրականացնում են Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում

«Ինչպես հայտարարել էինք, առավոտյան 09:00-ից պատրաստ սպասել ենք քաղաքացիներին, 15:00-ի դրությամբ արդեն մոտ 100 մեքենա սպասարկել ենք: Մի փոքր մեր սպասածից հոսքը քիչ է, մենք ավելիին ենք պատրաստ: Այսօր, Հյուսիսային մաքսատուն-վարչությունում գրեթե Նորագավիթի մաքսատան հնարավորություններով աշխատում ենք, այսինքն, եթե օրական Նորագավիթում ձևակերպում ենք մոտ 600 մեքենա, Հյուսիսային մաքսատուն-վարչությունում պատրաստ ենք ձևակերպել 300-400 մեքենա՝ առանց հերթի»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ տեղեկացնելով, որ պտտվող այն լուրերը, թե փակվում են բոլոր տարածաշրջանների մաքսատները և մաքսազերծումն իրականացվում է միայն Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, չեն համապատասխանում իրականությանը:

«Այս ինֆորմացիան թերի է, որովհետև միայն Վրաստանից և Ճապոնիայից  ոչ կոնտեյներներով ներմուծված մեքենաների մասին է խոսքը: Ըստ վիճակագրության օրական դա միայն 300 մեքենա է կազմում: Նաև տեղեկություն էր  տարածվել, որ Դուբայից ներմուծված մեքենաները ևս պետք է այստեղ մաքսազերծվեն, չկա նման բան, միայն ասել ենք՝ եթե Դուբայից կլինեն մեքենաներ, որոնք  սահմանը կհատեն Վրաստանով, ապա հնարավորություն կունենան մաքսազերծում կատարել Սիսիանում, ոչ  թե գալ հասնել Հյուսիսային մաքսատուն-վարչություն»,-նշեց Շուշանիկ Ներսիսյանը:

Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում: Դրանք են 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցներ ներառող ԱՏԳ ԱԱ 8702, բեռնատարներ ներառող ԱՏԳ ԱԱ 8704 և հատուկ նշանակության ավտոմեքենաներ ներառող ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային խմբերում դասվող ավտոմեքենաները, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 8703 խմբի այն ավտոմեքենաները, որոնք տեղափոխվում են բեռնարկղերով:

Այն, որ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում  կուտակումներ չկան, պատասխանատուները կապում են  վերապատրասված նոր կադրերի հետ: «Ունենք երեք  բաժին, բոլոր բաժիններն համալրված են նոր կադրերով, նույնիսկ մի փոքր շատ աշխատակիցներ ունենք, որպեսզի քաղաքացին գալով Գյումրի, այստեղ երկար ժամանակ չվատնի»,- նշեց պատասխանատուն՝  ուրախությամբ հավելելով,  որ այս ճանապարհներից ներկրված մեքենաների տերերին հնարավորություն կտրվի հունվարին ներկրումն իրականացնել դեկտեմբերին գործող դրույքաչափով:

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ: Հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար Սիսիանի մաքսատունը կշարունակի գործել :

Արմենուհի Մխոյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ որոշում կայացրեց մերժել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այնքան քննարկված դիմումի քննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի […]
Facebook
Instagram
Telegram