Երք. Հկտ 15th, 2019

Աղմկոտ տեղեկություն Վիտալի Բալասանյանի հարցազրույցից հետո

1 min read

Հոկտեմբերի 8-ին համացանցում կայքերից մեկը տարածեց տեղեկություն, թե պաշտոնանկ է եղել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչը պաշտոնապես կհաստատվի կարճ ժամանակ անց: Կարճ ժամանակ անց սակայն հաստատվեց ոչ թե պաշտպանության նախարարի պաշտոնանկության, այլ հակառակը՝ լուրի «անհեթեթության» տարբերակը, համենայն դեպս ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Վարչապետը լրագրողների հետ զրույցում անհեթեթություն էր որակել պաշտպանության նախարարի պաշտոնանկության մասին լուրերը:

Այդ պաշտոնանկության հավանականության մասին մամուլում գրվել է դեռեւս այն ժամանակ, երբ հեռացվեցին ոստիկանության եւ ԱԱԾ պետերը: Սակայն տեղեկություն, թե նախարարը հեռացվել է եւ պաշտոնական հաստատումը կլինի կարճ ժամանակ անց, նախկինում չէր եղել:

Տեղեկությունն իհարկե կարճ ժամանակ անց էլ պաշտոնապես հերքվեց, սակայն թողեց բավականին խառը նստվածք եւ հերթական մտորումներ Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության վերաբերյալ, որովհետեւ խոսքն ի վերջո պատերազմող երկրի պաշտպանության նախարարի մասին է:

Միեւնույն ժամանակ, տարածված «հավաստի» տեղեկատվությունը հետաքրքիր էր տարածված մեկ այլ աղմկոտ հրապարակման՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցի ֆոնին, որտեղ նա խոսել էր Նիկոլ Փաշինյանի հակահայկական նախագիծ լինելու, Սասնա ծռերի հետ նրա գործակցության մասին, նաեւ այն մասին, թե 2016-ին նրանց ներել են, իսկ այս անգամ՝ կոչնչացնեն: Վիտալի Բալասանյանը Սասնա ծռերին Նիկոլ Փաշինյանի «մարտական թեւ» էր որակել:

Անկասկած, այդօրինակ տեղեկատվական արշավի թիրախային նպատակներից է պաշտպանական կառույցում, բանակում անորոշ տրամադրություններ առաջացնելը:

Պետական տեղեկատվական անվտանգության կարեւորագույն հարցերից զատ, այստեղ առաջ են գալիս նաեւ քաղաքական համատեքստի հետ կապված որոշակի հարցեր, պայմանավորված հենց նախարար Տոնոյանի պաշտոնանկության եւ Նիկոլ Փաշինյանի «մարտական թեւի» վերաբերյալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցի զուգորդվածության հանգամանքով:

Հնարավո՞ր է, որ այդ տեղեկատվական քարոզչական ալիքը ներառի պաշտպանության նախարարության կառավարման գործում Սասնա ծռերի հնարավոր ներգրավվածության մասին բաղադրիչի ընդգրկում, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ բանակի հատկապես արցախյան հատվածում այն արժանանալու է մեղմ ասած ոչ միարժեք ընկալման՝ մի շարք հանգամանքների բերումով:

http://lragir.am

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Facebook
Instagram
Telegram