Երք. Հկտ 15th, 2019

Հոլիվուդյան աստղեր, որոնք մերժում են պլաստիկ միջամտությունները (լուսանկարներ)

1 min read

Վերջին տարիներին ավելանում է համարձակ աստղերի թիվը, որոնք չեն թաքցնում, որ դիմում են պլաստիկ միջամտությունների: Ոմանք էլ համառորեն հրաժարվում են արհեստականորեն իրենց երիտասարդացնելու գաղափարից կամ գոնե պնդում են, որ մերժում են: Վերջիններս վստահեցնում են, որ չեն վախենում իրենց տարիքին համապատասխան արտաքին ունենալուց:

Դերասանուհի, մանկագիր Ջուլիանա Մուր, 58 տարեկան

«Չեմ սիրում դատապարտել մարդկանց դա անելու համար, սակայն չեմ կարծում, որ դա օգնում է ավելի լավ տեսք ունենալ: Տարօրինակ է, երբ նայում ես մարդու, որն ինչ-որ կերպ ձեւափոխել է իր դեմքը»,- ասել է նա:

Դերասանուհի Հոլի Բերի, 53 տարեկան

«Ծերանալը բնական երեւույթ է, եւ դա տեղի է ունենալու բոլորիս հետ: Ես միշտ ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ, նույնիսկ եթե դա իմ ավելի ծեր տարբերակն է: Կարծում եմ՝ եթե չափից շատ ես դիմում կոսմետիկ միջամտությունների, ինչ-որ այլ մարդ ես դառնում»,- ասել է նա:

Դերասանուհի Մերիլ Ստրիփ

Նա կարծում է, որ նրանք, ովքեր դիմում են պլաստիկ միջամտությունների, ավելի շատ են ուշադրություն սեւեռում իրենց արտաքին տեսքի անցանկալի առանձնահատկությունների վրա, քան նրանք, ովքեր չեն դիմում:

Սալմա Հայեկ, 53 տարեկան

«Կարծում եմ՝ ահավոր է, երբ 30-ին մոտ աղջիկները ներարկումներ են անում իրենց դեմքին ու շուրթերին: Պատկերացնո՞ւմ եք՝ մի օր մեկն ինձ ասաց. «Եթե հիմա սպանեմ մկաններս, երբեք կնճիռներ չեմ ունենա»»,- ասել է նա:

Դերասանուհի Ջուլիա Ռոբերտս, 51 տարեկան

«Ուզում եմ, որ երեխաներս իմանան՝ երբ եմ տխուր, երբ եմ ուրախ եւ երբ եմ զայրացած: Քո դեմքը պատմություն է պատմում, եւ դա չպետք է պատմություն լինի այն մասին, որ բժշկի ես գնացել»,- ասել է նա:

Դերասանուհի Բրիջիտ Բորդո, 85 տարեկան

Բորդոյին ճանաչողները վստահեցնում են, որ նա նույնպես հրաժարվել է երիտասարդ տեսքն արհեստականորեն պահպանելու մտքից: Դերասանուհին, որի գեղեցկությամբ շարունակում են հիանալ, կարիերան դադարեցնելուց հետո, որոշել է ավելի շատ ներդրումներ անել կենդանիներին պաշտպանելու, նրանց բարեկեցությունն ապահովելու, քան պլաստիկ միջամտությունների մեջ:

Դերասանուհի Ջոդի Ֆոստեր, 56 տարեկան

«Ինձ համար դա իմիջի հարց է: Ավելի լավ է՝ ասեն՝ այդ աղջիկը վատ քիթ ունի, քան ասեն, որ այդ աղջկա քթի վիրահատությունը վատն է: Ավելի լավ է մեկնաբանություն լսեմ այն մասին, թե ինչպիսին եմ, քան այնպիսի բանի մասին, որը ցույց է տալիս՝ կա մի բան, ինչի պատճառով ամաչում եմ, թե ինչպիսին եմ»,- ասել է նա:

Դերասանուհի Քեյթ Ուինսլեթ, 43 տարեկան

Պլաստիկ միջամտությունները դեմ են նրա բարոյական արժեքներին, ծնողների տված դաստիարակությանը եւ նրան, թե ինչն է համարում բնական գեղեցկություն: Ընդգծում է, որ երբեք չի մտափոխվի այս հարցում:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Facebook
Instagram
Telegram