Հայ արիները սկսեցին Վարդավառյան տոնակատարությունը

MasterNews

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ու Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) հուլիսի 27-ին այս տարվա  Հայոց Վարդավառի եւ Աստղիկ Աստվածուհու տոնի ծիսակատարությունը սկսեցին փոքր Սեւանի տարածքում: Առավոտ ծեգին  ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը սկսեցին փակ ծեսը: Այն ի փառս Սեւանա լճի էր ու ի պաշտպանություն մեր բնական ջրամբարի, որ գեղեցկուհին ի մեջ նորից ուժ գտնի վերականգնվելու: Քրմական դասը Աստղիկ Աստվածուհուց խնդրեց մարդկանց իմաստնություն տալ՝ լճի բոլոր խնդիրներին ճիշտ լուծում տալու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, քուրմ Արմոգն ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը նավակով հասան փոքր Սեւանի կենտրոնը, վարդաջուր շաղ տվեցին ջրերի մեջ եւ փակ ծեսն ավարտելով՝ ափ վերադարձան:

Ծեսի բաց մասը սկսվեց վտանգի կոչնակով. Սեւանից մենք միշտ վերցրել ենք, ժամանակն է տալու Սեւանը այլեւս ուժ չունի դիմանալու: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը նշեց, որ Հայկական Բնաշխարհի կարեւորագույն լճերը՝ Վանը, Ուրմիան ու Սեւանը, ստորգետնյա բնաշղթայով կապված են միմյանց եւ այդ կապը օգնում է լճերին դեռ փրկել միմյանց, բայց որեւէ մեկի կործանումը սարսափելի կլինի բոլորի համար:

Ծեսի բաց մասն ավատվեց Աստղիկ Աստվածուհուն ուղղված ձոնով՝  ի պաշտպանություն Հայոց բնաշխարհի ու նրա կենսապաշարների:

Վարդավառի բուն տոնակատարությունից առաջ լճին մոտեցավ հենց լուսադեմին Հայ Աստվածների առաջ սիրո ուխտ տված ամուսնական զույգը: Նրանք Աստղիկ Աստվածուհուց իբրեւ իրենց նորակազմ ընտանիքին տրվող նվեր ուզեցին Սեւանի փրկությունը:

Տոնակատարությունը սկսվեց նռան գինու ըմբոշխմամբ: Առաջին ումպի իրավունքից զույգը չօգտվեց՝ այն Սեւանին տալով: Գավի գինին շաղ տալով լճի մեջ՝ ներում հայցեցին մեր բոլորի անմիտ քայլերի համար, որոնք ցավ են պատճառել Սեւանին:

Դրանից հետո սկսվեց ջրոցին՝  Հայոց Ռազմի Աստված Վահագնի եւ Սիրո Աստվածուհի Աստղիկին ուղղված ձոնով: Թող հայերիս երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ Վահագնի եւ Աստղիկի Սիրո պես՝ ուժով պաշտպանված սիրո եւ սիրով առաջնորդվող ուժի զորությունները հասնեն հայության սիրող սրտերին:

Հայ արի քրմերը դաղձով ու ուրցով թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստած օշարակը շաղ տվեցին լճի ջրերում՝ ի նշան Հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:

Ավանդական ջրախաղը կշարունակվի մինչեւ երեկո:

Այդժամ ծիսական սեղանների շուրջ հայ արիները մաքրագործության խորհուրդն ամփոփելուց հետո կճաշակեն ծիսական ուտեստները՝ նեխուրով թանապուր, քաղցրանույշով աղանձ, հատապտուղներով գաթա:

Վարդավառի տոնակատարությունը հայ արիները կշարունակեն վաղը՝ եզրափակելով այն մեծ Սեւանի տարածքում:

Ջահելների շրջանում վաղը նաեւ մրցություն կլինի. Ով հաղթեց ազգային կոխ խաղում, նրան կտրվի հաջորդ տարի Վարդավառի տոնակատարությունը մեկնարկելու իրավունքը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՌԴ-ում ջրհեղեղի հետևանքով կորել են ՀՀ քաղաքացիներ

Հուլիսի 27-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամը անհետ կորել է: Կապ […]
Share
Instagram
Telegram