Հայաստանի առաջարկն ԱՄՆ-ին ու Իրանին. հազվադեպ դերակատար

MasterNews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ դրական ազդակներ կան Իրանի հետ ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ: Պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ ասել է, որ Իրանից ստանում են բանակցության վերաբերյալ դրական ազդակներ:

Թե հատկապես ինչի մասին է խոսքը, ամերիկյան կողմը մարտավարական հնարքի է դիմում, թե ազդակներն իրապես կան, անշուշտ դժվար է ասել: Իրանն իհարկե հայտնում է բանակցությամբ խնդիրը հանգուցալուծելու պատրաստակամություն, բայց նաեւ չի նահանջում իր դիրքերից:

Միաժամանակ, թե Իրանը, թե ԱՄՆ-ն լուրջ պետություն են պատկերացնելու համար, որ լարվածության անընդհատ աճն ու ռազմական փուլի գեներացիան կբերեն առանց այդ էլ բավականին երերուն ռեգիոնալ անվտանգության համակարգի փլուզման, ինչը չի բխում երկուստեք շահից: ԱՄՆ համար խնդիրը ռեգիոնալ անվտանգության համակարգից Իրանը դուրս բերելը չէ, այլ Իրանն այդ համակարգում խաղի կանոնների որոշակի դաշտ բերելը: Թեհրանի համար իրավիճակն անշուշտ բազմաշերտ է, ելնելով առաջին հերթին ներքին իրողություններից, իշխանության ներսում այսպես ասած կղերական եւ քաղաքական սեգմենտների, կամ պահպանողականների եւ ռեֆորմատորների մոտեցումների տարբերությունից: Այդ պայմաններում էլ բավականին բարդանում է Իրանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչը իր հերթին բարդացնելու է թե ներքին այդ մրցակցությունը, թե նաեւ Թեհրանի ռեգիոնալ կենսունակությունը:

Թեեւ ԱՄՆ-ն հրապարակային հռետորաբանության մեջ Իրանը դիտարկում է իբրեւ սպառնալիք միջազգային անվտանգությանը, այդուհանդերձ խորքային առումով Վաշինգտոնում անկասկած պատկերացնում են, որ Թեհրանն անվտանգության հավասարակշռման կարեւորագույն գործոն է, որի առկայությունն իր խնդիրներով հանդերձ ավելի քիչ է, քան խնդիրները, որ կարող են լինել դրա բացակայության կամ դրա լիակատար մերժման պարագայում:

Միեւնույն ժամանակ, չնայած լարվածությանը, Թեհրանի համար էլ թերեւս աներկբա է մի բան, որ իր դերակատարման համատեքստում ուղղակի չկա Նահանգների հետ աշխատանքի այլընտրանք, որովհետեւ, ինչպես օրինակ Սիրիան է ցույց տալիս, հնարավոր չէ աշխատել Ռուսաստանի կամ Թուրքիայի հետ եւ ակնկալել պայմանավորվածությունների որեւէ կայունություն ու կանխատեսելիություն:

Այդ իմաստով, չնայած դիրքային կոշտ պայքարին, թե ԱՄՆ, թե Իրանի քաղաքական էլիտաները անշուշտ ձգտելու են միմյանց հետ աշխատանքային ռեժիմի, որն այլընտրանք չունի:

Ավելորդ է խոսել Հայաստանի համար այդ ռեժիմի անհրաժեշտության մասին, եւ այդ իմաստով որոշակի խորհրդանշականություն կա, որ Իրանի դրական ազդակների վերաբերյալ ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի հայտարարությունները հնչում են մի շրջափուլում, երբ Միացյալ Նահանգներում է Երեւանի բարձրաստիճան դեսանտը: Նահանգներ այց է սկսել ԱԺ նախագահ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, միջազգային համաժողովների մասնակցելու համար Նահանգներում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ հուլիսի 18-ին ԱՄՆ է մեկնում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Այդ այցերն անշուշտ որեւէ առնչություն չունեն ամերիկա-իրանյան գործընթացին, բայց հատկանշական է նաեւ, որ հեղինակավոր Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ Հայաստանի ԱԺ նախագահը խոսել է այն մասին, որ Երեւանն ակնկալում է հայ-իրանական գործակցության նկատմամբ ԱՄՆ ըմբռնում, քանի որ Իրանը հույժ կարեւոր գործընկեր է Երեւանի համար:

Կա՞ ԱՄՆ ըմբռնման խնդիր, թե՞ Հայաստանի ԱԺ նախագահը պարզապես շոշափում է հարցեր, որոնք կարող են դառնալ հայ-ամերիկյան օրակարգում ավելի լայն քննարկումների առիթ, կապված իրան-ամերիկյան գործընթացում հայկական դերակատարման հնարավորության հետ: Ի վերջո, ուղղակի աշխատանքային ռեժիմի բացակայության պայմաններում ԱՄՆ-ն ու Իրանը, կոշտ դիմակայության ներկայիս պայմաններով հանդերձ, ունեն անուղղակի հաղորդուղիների եւ աշխատանքի անհրաժեշտություն: Հայաստանն այդ իմաստով ունի գուցե ոչ բացառիկ, սակայն հազվադեպ հնարավորություն, հաշվի առնելով հանգամանքը, որ Երեւանը լավ հարաբերություն ունի թե Իրանի, թե Նահանգների հետ: Իհարկե այստեղ առանցքային է Հայաստանի հանդեպ վստահության մի հանգամանք, որ Երեւանի միջոցով կլինի ամերիկա-իրանյան աշխատանքային շփում, ոչ թե եռակողմ՝ Իրանից ու ԱՄՆ-ից անկախ «ներգրավելով» նաեւ Ռուսաստանը:

http://lragir.am

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քոչարյանին ազատ արձակած դատավորի աշխատասենյակը խուզարկվել է

Politica.am-ը գրում է, որ երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ […]
Share
Instagram
Telegram