Քաղցրաշենցիները փորձեցին փակել Տիգրան Մեծի պողոտան, հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

MasterNews

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները: Գյուղացիները փորձեցին փակել Տիգրան Մեծի պողոտան, բայց ոստիկանները շատ արագ բացեցին այն:

Նրանք ասում են, որ արդեն մի քանի շաբաթ է ոռոգման ջրի խնդիրներ ունեն: Գյուղացիներից ոմանք ասացին, որ պայմանագրերը կնքել են ընկերության հետ, վճարումները կատարել են, բայց ջուր չկա, այգիները չորանում են: Ըստ նրանց՝ շատ քչերն են, որ ՋԸՕ հետ պայմանագիր չունեն:

Նրանք ասում են, որ լսել են՝ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին հանձնարարել է բոլոր մարզպետներին և ՋՕԸ-երին, որ պատրաստվեն ոռոգման սեզոնին: Բայց փաստորեն այդ մարդիկ, ըստ գյուղացիների, վարչապետի հանձնարարությունը չեն կատարել:

«Ջուրը էնքան քիչ ա, որ ջրբաժը չի իմանում ում տա, ում թողնի»,- նշեցին գյուղացիները:

Գյուղացիները դժգոհում են նաև բարձր տոկոսներով վարկերից:

«Ամբողջ գյուղը քանի միլիոն պարտք ա բանկերին, ո՞նց ենք փակելու վարկերը: Ասում են՝ վարկի տոկոս են իջացնում, 700 տնտեսությունից 10-20 մարդու են տալիս էժան վարկեր, ի՞նչ են արել: Մեր խնդրի լուծումը կարա տա մենակ Փաշինյանը, էս մարդկանց կարգի հրավիրի, ձգի, որ ամեն մարդ իմանա իրա տեղը: Մեր մարզպետը չգիտի իրա պաշտոնի դերը»,- ասացին գյուղացիները: Նրանք ասացին, որ հանդիպում են խնդրում հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանի փողոցները կունենան նոր գծանշաններ ու կահավորումներ

Երթևեկությունն առավել անվտանգ դարձնելու համար Երևանի փողոցները առաջիկայում կունենան նոր գծանշաններ ու կահավորումներ: «Արմենպրես»—ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: […]
Share
Instagram
Telegram