Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին

MasterNews

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է Դոնալդ Տուսկի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ նա մեծ բավականություն կստանա մեր երկիր կատարած այցից, մանավանդ որ Հայաստանն այն երկիրն է, որը կիսում է եվրոպական արժեքները։

«Հայաստանը ոչ միայն համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, այլև այն երկիրն է, որը մասնավորապես մշակութային առումով խորապես եվրոպական է և միշտ է այդպիսին եղել։ Ուստի, ավելի քան բնական է, որ ավելի մոտ ենք դառնում Եվրամիությանը։ Հայաստանը մշտապես եղել է եվրոպական արժեքների բնօրրան՝ սկսած մեր կրոնից, մշակույթից մինչև գրականություն ու երաժշտություն»,— նշել է նախագահ Սարգսյանը։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում հարաբերությունները Եվրամիության հետ ավելի կսերտանան և կխորանան։ «Մենք դրա համար մեծ ներուժ ունենք»,— ընդգծել է Արմեն Սարգսյանը: Նա Դոնալդ Տուսկին հրավիրել է Հայաստան այցելել նաև ընտանիքի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ սա իր երրորդ այցն է Հայաստան։ «Ես ինձ զգում եմ ինչպես տանը»,— նշել է նա։

Առանձնազրույցի ընթացքում Հանրապետության նախագահն ու Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն օրակարգային մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցությանը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀԷՑ-ում սպասվում է տեխնիկական աուդիտ. ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել

Հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային գործունեության (իրականացված կապիտալ ծախսերի) տեխնիկական աուդիտի ծրագիրը և ժամանակացույցը: Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram