Նոր գեներալներն ու սպանված օրենքով գողը

MasterNews

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ուժային կառույցների մի շարք ղեկավար պաշտոնյաների նոր կոչումներ շնորհելու որոշման մասին: Մասնավորապես, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կստանան գեներալական կոչում՝ գեներալ-մայորի կոչում: Գեներալ-մայորի կոչում է ստանում նաեւ Պետական պահպանության ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը:

Հայաստանի ԶՈՒ կապի զորքի պետը կստանա գեներալ-մայորի կոչում, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Կարապետյանը՝ գեներալ-լեյտենատի:

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան են ստացել նաեւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի եւ ՀՔԾ ղեկավարները:

Նոր կոչման արժանացած ուժային պաշտոնյաների ոլորտային ընդգրկումը անշուշտ բավական լայն ու բազմազան է: Այդ շարքում սակայն հատկանշական է ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին գեներալական կոչում շնորհելը: Իհարկե, այդ պաշտոններն ինքնին դիտարկվում են «գեներալական», եւ այդ իմաստով Փաշինյանը լրացրել է մեկամյա «բացը»: Մյուս կողմից, կոչումները շնորհվում են մեկամյա աշխատանքից հետո, ինչը նշանակում է աշխատանքի ընդհանուր առմամբ դրական գնահատական: Ինչ չափանիշով է առաջնորդվում վարչապետը, այլ հարց է: Բայց այդպիսով փաստացի նա մասնավորապես արձանագրում է, որ օրինակ ոստիկանապետի պաշտոնանկության մասին պարբերաբար շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համենայն դեպս, Վալերի Օսիպյանին գեներալ-մայորի կոչում շնորհելու հանգամանքը համենայնդեպս հիմք է տալիս ենթադրելու, որ այս պահի դրությամբ վարչապետը դժգոհ չէ նրա աշխատանքի ընդհանուր արդյունքից:

Ի դեպ, այդ իմաստով կոչումը հատկանշական է նաեւ անցնող օրերին ոստիկանության ուժեղացված ծառայության ռեժիմի ֆոնին, որի մասին պարբերաբար հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Դա տեղի է ունեցել կառավարության նիստում վարչապետի հատուկ հանձնարարականից հետո, որ տրվեց ԱԱԾ եւ ոստիկանության պետերին:

Միաժամանակ հատկանշական է Դատախազի օրվա առիթով Գլխավոր դատախազությունում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա դրական գնահատելով դատախազության անցնող տարվա աշխատանքը, հայտարարեց Հայաստանում քրեական ենթամշակույթի արմատախիլ անելու անհրաժեշտության մասին:

Հայաստանի արդիականացման ճանապարհին սա հիմնարար խնդիր է: Դրա ֆոնին հատկանշական են ոստիկանության տարածած տեսանյութերը տարբեր շրջաններից «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների բերման ենթարկելու մասին:

Իսկ այդ ֆոնին, հատկանշական է մեդիալրահոսում հայտնված տեղեկությունն այն մասին, որ հուլիսի 2-ի գիշերը Երեւանում սպանել են «օրենքով գողի», որը հայտնի է Անդո Խրոմոյ կամ Մասիվցի Անդիկ մականունով: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ նա հիմնականում գործունեություն է ծավալել Մոսկվայում: Միաժամանակ հրապարակվել է տեղեկություն, որ Երեւանում նա ձերբակալվել էր 2018-ի հունիսին՝ թմրանյութ պահելու համար, հարուցվել էր քրեական գործ: Բայց, փաստորեն ստացվում է, որ «օրենքով գողը» ազատության մեջ էր: 2019-ի հուլիսի 2-ին նրան սպանել են՝ Նորքի 5-րդ զանգվածի շենքի բակում:

http://lragir.am

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ընտանիքի հինգ անդամ թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով

Հուլիսի 2-ին, ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ: Մեկնած օպերատիվ խումբը […]
Share
Instagram
Telegram