Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցերով կմեկնեի Վիետնամ և Սինգապուր

MasterNews

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ:

Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընթրիք: Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Վիետնամի Ազգային ժողովի նախագահ  Նգույեն Թի Քիմ Նգանի  հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, ինչպես նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՎՍՀ առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ, կայցելի Վիետնամում Հայաստանի դեսպանություն, որտեղ կհանդիպի «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Հուլիսի 7-9-ին էլ Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Սինգապուրի Հանրապետություն:

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի, Սինգապուրի վարչապետ  Լի Շին Լունգի, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինի հետ: Նախատեսվում է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որտեղ կհանդիպի Սինգապուրում և հարևան երկրներում գործող հայ համայնքների ներկայացուցիչներին: Նախատեսվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սինգապուրի գործարար շրջանակների հետ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Միրգն ու բանջարեղենը՝ կոյուղու ջրով. Ահազանգ

Օրեր առաջ ԱԻՆ-ից և Երևանի Նոր Նորք վարչական շրջանից ահազանգ ստացվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ այն մասին, որ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքի առաջին զանգվածի կողմից, ջրի […]
Share
Instagram
Telegram