Մոսկվայում հուլիսի 1-2-ը ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն իր խոսքում ընդգծել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները: Սլովակիան ԵՄ առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անդրեյ Դանկոն վստահություն է հայտնել, որ Երեւանում Սլովակիայի դեսպանատան բացումը նոր զարկ կտա երկկողմ հարաբերություններին:
Հայկական խորհրդարանի խոսնակը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ սլովակ գործընկերները կաջակցեն նաեւ Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի հարցում:
Կողմերի միջեւ Հայաստան եւ Սլովակիա փոխադարձ այցեր կատարելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: