Մակրոնը կգա Հայաստան. երկու կարեւոր իրադարձություն

MasterNews

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն Արմենպրեսի հետ զրույցում ասել է, որ առաջիկա ամիսներին կսկսի երկուստեք հայ-ֆրանսիական դիվանագիտական աշխատանք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան այցը նախապատրաստելու համար:

Մակրոնն այցի հնարավորության մասին խոսել է դեռեւս փետրվարին հայկական կազմակերպությունների հետ ամենամյա ճաշկերույթի ժամանակ: Դրանից հետո հայ-ֆրանսիական հարաբերության տիրույթում տեղի ունեցավ «դատական» հայտնի թնջուկը, երբ Ֆրանսիայի դատարանները հերթով չեղարկում էին Ֆրանսիայի մի շարք քաղաքների բարեկամության հուշագրերը, որոնք կնքվել էին Արցախի քաղաքների հետ: Պատճառաբանությունն այն էր, որ Ֆրանսիայի քաղաքները չեն կարող պայմանագրեր կնքել այլ սուբյեկտների հետ, որոնք ճանաչված չեն Ֆրանսիայի կառավարության մակարդակով:

Քաղաքների ղեկավարները հայտարարել են, որ չնայած դատարանի այդ որոշմանը, ոչինչ չի խանգարի Արցախի քաղաքների հետ իրենց բարեկամությանը: Միաժամանակ, մի քանի քաղաքների ղեկավարներ հայտարարել են դատարանի որոշումը բողոքարկելու մասին:

Ֆրանսիական դատարանների որոշումը Հայաստանում դարձավ քննարկումների առարկա: Հայաստանի հանրության համար հասկանալի չէր, թե ինչպես կարող է բարեկամ Ֆրանսիան թույլ տալ այդպիսի բան: Արդյոք ադրբեջանական խավիարային դիվանագիտությունը Եվրոպայում հասել է նաեւ ֆրանսիական դատարան: Այդ ամենից դուրս, արդյոք ժողովրդավարության, հավասարության, ազատության եւ համերաշխության արժեքների առաջատար Ֆրանսիան կարող է այդ արժեքները մի կողմ դնել Արցախում ապրող ժողովրդի հանդեպ ֆրանսիական քաղաքների վերաբերմունքի հարցում:

Այդ հարցերն առկա են, եւ դրանք անշուշտ որոշակի տարակույսի ստվեր են թողել հայ-ֆրանսիական հարաբերության հանրային եւ հասարակական-քաղաքական շերտերի վրա:

Ի վերջո, պետք չէ բացառել նաեւ, որ այդ ստվերը որեւէ մեկի նպատակն է, որի համար խիստ անհաճո է հայ-ֆրանսիական բարեկամությունը, ինչի վառ դրսեւորում էր նաեւ նախորդ տարի Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի կազմակերպության Վեհաժողովը, այդ թվում նախագահ Մակրոնի մասնակցությամբ:

Այդ տեսանկյունից, Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցը ունի մեծ կարեւորություն եւ այն պետք է կազմակերպել հնարավորինս արագ: Սակայն, հարցն իհարկե միայն Արցախի եւ Ֆրանսիայի քաղաքների բարեկամության «դատական» խնդիրը չէ: Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունը պարունակում է քաղաքակրթական եւ ռազմա-քաղաքական լուրջ բովանդակություն, որին վերջին շրջանում նոր շերտեր ավելացրին երկու իրադարձություն՝ Հայաստանի նախաձեռնությամբ Կիպրոս-Հունաստան-Հայաստան եռակողմ ձեւաչափը, որի առաջին Վեհաժողովը նախատեսված է 2020 թվականի հունվարին Երեւանում, եւ Ստամբուլում իշխանության, նախագահ Էրդողանի պարտությունը Ժողովրդահանրապետական կամ քեմալիստական թեկնածու Իմամօղլուին:

Այստեղ առանձնահատուկ է այն, որ Էրդողանն Իմամօղլուի դեմ փորձում էր էլեկտորատը մոբիլիզացնել սպառնալիքով, թե այդ հաղթանակը նշանակելու է Ստամբուլը վերածել Կոնստանդնուպոլսի, ինչն իրենք թույլ չեն տա ոչ մի դեպքում:

Փաստացի, Թուրքիայի խոշորագույն քաղաքը, թուրքական հասարակական-քաղաքական կյանքի կենտրոնը ոչ թե ահաբեկվեց այդ հեռանկարից, այլ հակառակը՝ առաջին քվեարկությունը չեղարկելու Էրդողանի որոշումից հետո երկրորդ անգամ առավել վստահ եւ աննախադեպ տոկոսով քվեարկեց քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի օգտին:

«Ֆրանսիայի նախագահի առաքելությունը Թուրքիայի նախագահին երկխոսության բերելն է», փետրվարին ֆրանսահայ կազմակերպությունների հետ ճաշկերույթում հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Ստամբուլի 2019 թվականի ընտրությունը կարող է պատմական քալ լինել այդ ճանապարհին: Իսկ դա իհարկե քաղաքակրթական առաքելություն է, որ ունի Ֆրանսիայի նախագահը եւ որը նաեւ Ֆրանսիայի համաշխահային ուժի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է:  Ժամանակն է, որ Մակրոնը Ֆանսիայի նախագահի առաքելության շրջանակում ճանապարհվի Երեւան, ընդ որում գուցե այդ ընթացքում քննարկելով Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձեւաչափին առնչվող կարեւոր հարցեր, չխորշելով նույնիսկ Երեւանում սպասվող եռյակի Վեհաժողովն ընդհուպ քառյակի վերածելու թեմայից:

http://lragir.am

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետի տեղակալ Անահիտ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նշված է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային […]
Share
Instagram
Telegram