Սան Ֆրանցիսկոյից Հայաստան՝ գյուղի երեխաների համար ճամբար կազմակերպելու նպատակով

MasterNews

Նանոր Բալաբանյանը Սան Ֆրանցիսկոյից Հայաստան է եկել Կոտայքի մարզի Ախպրաձոր եւ Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքներում դպրոցականների համար ամառային ճամբարներ կազմակերպելու նպատակով։

Ախպրաձորում այս տարի արդեն 8-րդ անգամ Նանորը կամավորների հետ ճամբար է կազմակերպել:

Նանորը 29 տարեկան է, ծնվել է Սիրիայում, մեծացել Լիբանանում, այնուհետեւ տեղափոխվել է ԱՄՆ։ Առաջին անգամ Հայաստան է եկել 10 տարի առաջ, աշխատանքային այցով եղել Ախպրաձոր գյուղում։ «Հենց այդ պահին հմայվեցա այս գյուղով, որոշեցի մի բան անել այս գյուղի համար, քանի որ ամեն ինչից կտրված գյուղ է, թաքնված ճանապարհ ունի, կտրված ամեն բանեն»,- ասում է նա։

Հայաստանից Ամերիկա վերադառնալուց հետո սովորել է Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայի համալսարանում, հետագայում Սթենֆորդի համալսարանում, ստացել պատմության ուսուցչի որակավորում, սակայն որոշել է յուրաքանչյուր ամառ այցելել արդեն հարազատ դարձած Ախպրաձոր եւ Շվանիձոր համայնքներ։

«Շատ սիրեցի գյուղացիներին, գյուղի մասին փոքր կինո սարքեցի, ընկերներիս ցույց տվեցի, որոշեցինք միասին լավ բան անել երեխեքի համար, մի օրով ընկերներիս հետ այցելեցինք գյուղ եւ փոքր ճամբար կազմակերպեցինք»,- այսպես ծնվեց գյուղում ամառային ճամբարներ անցկացնելու գաղափարը:

Ամերիկա վերադառնալուց հետո Նանորը դիմել է դրամաշնորհային ծրագրի ու 20 տարեկանում ստացել առաջին դրամաշնորհը և Ախպրաձորի դպրոցում համակարգչի սենյակ հիմնել։

2011-ից Ախպրաձորում, Շվանիձորում, Դիտավանում եւ Շուշիում Նանորն ընկերների, կամավորների հետ շարունակում է ամառային ճամբարներ անցկացնել, ճամբարում սովորեցնում են չորս առարկա` համակարգչային հմտություններ, կարիերա, դիզայն եւ անգլերեն: Երեկոյան ժամերին մասնակիցները  շրջում են գյուղում։

Նախաձեռնությունը կոչվում է  «Թաքնված ճանապարհ», որի հիմնական անդամները ինը աղջիկ են, մեկը՝ մեքսիկացի։

Նանորը մեծ ցանկություն ունի, որ իր աշակերտները դուրս գան գյուղից, սովորեն համալսարանում, քոլեջում եւ նորից կվերադառնան գյուղ ու բարելավեն գյուղի կյանքը։ «Միտում կա, որ գյուղից երբ աղջիկները գնում են, հետ չեն գալիս, իսկ տղաները գնում են բանակ, վերադառնալուց հետո չեն ցանկանում սովորել։ Ես ուզում եմ փոխել այդ կարծրատիպը»,- ասում է Նանորը։

Նանորի կարծիքով՝ ճամբարները դրական ազդեցություն են ունենում գյուղի երեխաների համար, քանի որ նրանք սկսում են ինքնուրույն ծրագրեր մշակել:

Այս տարի Ախպրաձորի ճամբարին մասնակցել է 50 աշակերտ։ Այսօր՝ հունիսի 24-ին, կմեկնարկի Շվանիձորի ճամբարը, որը կմիավորի 70-80 աշակերտների։ Ճամբարներն անցկացվում են գյուղերի դպրոցներում։

Նախաձեռնության հիմնադիրը նպատակ ունի գալ և հիմնական բնակություն հաստատել Հայաստանում:

«Էստեղ երեխաների մեջ հարգանք կա, գոհունակության զգացում կա, էստեղ երեխաների մեջ հոգի մը կա, էստեղ տարբեր է»,- ասում է Նանոր Բալաբանյանը։

Լուսանկարները՝  Նանոր Բալաբանյանի

http://hetq.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը

ՀՀ Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի […]
Share
Instagram
Telegram