«Առնվազն թալանչի». Պատգամավորը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին կոչ արեց հրաժարական ներկայացնել

MasterNews

Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի աշխատանքների հաշվետվության ներկայացման ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին կոչ արեց հրաժարական ներկայացնել: Բաբաջանյանը ներկայացրեց ցուցանիշներ, որոնք 2007 թվանից սկսած ձախողումներն են պատկերում:

«Պարոն Յոլյան, ձեր կենսագրությունից պարզ է դառնում, որ դուք պետական կառավարման համակարգ եք վերադարձել 2007 թվականին: Ըստ այդմ՝ ես հրապարակեցի հենց այն թվականից ի վեր նաև ձեր ուղղակի մասնակցությամբ Հայաստանը կեղեքելու և հարստահարելու հետևանքով երկրի վիճակը նկարագրող որոշ խոսուն թվեր: Ես այս քննարկումը ֆարս եմ համարում և տարօրինակ եմ համարում, որ մեզ էլ մասնակից եք դարձնում այս քննարկմանը: Չեմ հասկանում, թե ով է մերժվել ի վերջո մեկ տարի առաջ, ինչու է միայն նա մերժվել, արդյոք մերժումը վերաբերվել է միայն այդ անձին, թե՞ մերժվողն այդ մարդակուլ համակարգն է եղել, որի առանցքային դերակատարներից է եղել նաև Լևոն Յոլյանը»,- ասաց Արման Բաբաջանյանը:

Նա Յոլյանին անվանեց «առնվազն թալանչի» կամ «առնվազն թալանի մասնակից»:

«Ինչո՞ւ է պետական միջոցների և ծախսերի արդյունավետության հաշվեքննությունը կամ աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին: Ո՞րն է պատճառը, որ Լևոն Յոլյնաը հեղափոխությունից մեկ տարի անց զբաղեցնում է այս կարևորագույն պաշտոնը: Արդյոք այն, որ իշխանությունը նրան փոխարինող կադր չի գտել: Իսկ գուցե օրինաչափ է համարվել այն, որ իշխանությունը նոր Հայաստանի ծախսերի օրինականությամբ պետք է զբաղվի Սերժ Սարգսյանի մտերմությամբ ու մոտ ընկերական կապերով կաշկանդված թույլ անձնավորությունը»,- ասաց Բաբաջանյանը:

Նա նշեց, որ ուզում է կանգ առնել Յոլյանի ներկայացրած հաղորդման մի ցցուն փաստի վրա միայն: «Պարոն Յոլյանը էներգետիկայի նախարարի պաշտոնում է նշանակվել 2016 թվականին՝ փառք Աստծո, կարճ ժամանակով: Այս ուսումնասիրության մեջ ոչ մի խոսք չկա նախարարի պաշտոնում նրա կողմից գործված թալանի մասին Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում: Նրա անմիջական մասնակցությամբ և իմացությամբ ԲԷՑ-ում տեղ են գտել խայտառակ բացթողումներ: Փոխարենը պարոն Յոլյանը ներկայացնում է իրավիճակը 2018 թվականից և դուրս է թողնում իր պաշտոնավարման ընթացքում կատարված ապօրինությունները»,- ասաց նա:

Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաև այն բիզնեսներին, որոնցում, նրա խոսքով, համասեփականատեր են Յոլյանն ու նրա կինը՝ Անուշ Ասլանյանը:

«Չեմ գտնում, որ ձեզ այստեղ հաղորդում տալու և այս Ազգային ժողովի հարցերին պատասխանելու ընդհանրապես առիթ պիտի տրվեր: Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ: Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը: Հույս ունենք, որ կլսենք այս հարցերի պատասխանները, այլապես ստիպված կլինենք արձանագրել, որ նոր Հայաստանում ոչ միայն չեն բացահայտվում անցյալի հանցավոր դրվագները, այլ թույլ է տրվում, որ դրանց մասնակիցները կարևոր պաշտոններ զբաղեցնեն: Կարող ենք պնդել, որ Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին, և ուրեմն, պարոն Յոլյան, ձեզ կոչ եմ անում ձեր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել: Այս ամենը հաշվի առնելով՝ ես ձեզ իմ կողմից հայտարարում եմ պերսոնա նոն գրատա և ասում եմ՝ հաջողություն»,- նշեց Բաբաջանյանը:

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայկական 3 ավիաընկերություն կավելացնի դեպի Վրաստան թռչող օդանավերի թիվը

Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը: […]
Share
Instagram
Telegram