Մեր ստորաբաժանումները պատրաստ են ավելի լայնածավալ մարտական գործողությունների. Ջալալ Հարությունյան

MasterNews

Պատերազմը կանխագուշակել հնարավոր չէ: Այն միշտ հանկարծակի է սկսվում: Այս մասին Արցախպրեսի հետ զրույցում հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանը:

«Այնուամենայնիվ, հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերը, ծավալած ինժեներական աշխատանքները,  սահմանի երկայնքով անցկացվող զորավարժությունները հարձակողական բնույթի են: Մեր առաջապահ ստորաբաժանումները համալրված են համապատասխան միջոցներով, որոնք հնարավորություն են ընձեռում անհրաժեշտ խորությունում հետախուզություն իրականացնելու եւ մշտապես դիտարկելու ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունները: Այնպես որ՝ հակառակորդը չի կարող ծածուկ, գաղտնի նախապատրաստվել լայնածավալ պատերազմի:  Այդ է պատճառը, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում դիմում է տեղային, լոկալ գործողությունների՝ հաճախ ստեղծելով ապրիլյան իրադրությանը մոտ իրավիճակներ», — ասել է նա:

Նրա խոսքով, այսօր էլ դիրքային «պատերազմի մեջ ենք»: «Այո՛: Հակառակորդը գործարկում է հրաձգային, դիպուկահար զենքեր, կիրառում է 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետներ: Երբեմն թիրախավորում է ինչ-որ տեղամաս, հենակետ եւ մի քանի ժամվա ընթացքում 50-60 արկ կրակում: Հակազդիչ գործողություններով ցանկացած սադրիչ քայլ անմիջապես կանխում ենք:  Ընդհանրապես, առաջնագծում այժմ իրավիճակը կայուն լարված է: Նայե՛ք, այս պահին հանգիստ է, բայց լռությունը խաբուսիկ է:  Մեկ կամ երկու ժամ անց հնարավոր է լարվածության շեշտակի աճ: Զորքը անընդհատ բարձր զգոնության վիճակում է՝ պատրաստ ցանկացած պահի արձագանքելու  իրադրության փոփոխությանը: Թույլ չենք տալու, որ հակառակորդն անգամ աննշան հաջողություն ունենա», — ասել նա:

Հարությունյանը հայտարարել է, որ գրեթե կասկած չունի՝ հակառակորդը որդեգրել էր «մարտ-հետախուզությամբ» մարտավարությունը, այսինքն՝ փորձել են ստուգել մեր թույլ եւ ուժեղ կողմերը, ինչպես նաեւ՝ սեփական զինծառայողների մարտական պատրաստությունը: «Սակայն գերագնահատել էին իրենց հնարավորություններն ու թերագնահատել առաջնագծում մեր  կողմից իրականացված աշխատանքների ծավալները: Ադրբեջանի վերջին՝ փետրվարյան դիվերսիան ցույց տվեց, որ նրանք ունակ չեն նաեւ հաղթական արդյունքով հատուկ նշանակության լոկալ գործողությունների», — ասել է նա:

Հարությունյանը նշել է, որ պաշտոնին նշանակվելուց հետո կարճ ժամանակահատվածում հստակ տիրապետել առաջնային գծի այս հատվածի առանձնահատկություններին, վեր հանել սպաներին ու զինվորներին  մտահոգող եւ անհանգստացնող խնդիրները,  խորապես ճանաչել զորքը: «Հիմա հստակ պատկերացնում եմ, թե ով ինչի է ընդունակ: Ինչ վերաբերում է հարավային ուղղությամբ իրականացված աշխատանքներին,  ապա հիշյալ ժամանակահատվածում, կարելի է ասել, ունեցանք նոր առաջնագիծ, որը հագեցած է տեխնիկապես, ապահովված է այլընտրանքային համակարգերով, բազմաթիվ անվտանգ ճանապարհներով, միավորում-գունդ օղակում անհրաժեշտ արդիական  սպառազինությամբ: Մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ բարձրացել է մարտական հերթապահություն իրականացնող զինվորի ապահովության աստիճանը: Իհարկե, հիմնավոր փոփոխություններ են կատարվել մարտական պատրաստականության ու հերթապահության կազմակերպման հարցերում, մարտավարությունում: Հիմնական շեշտը դրվել է տարբեր զորատեսակների՝ հրետանի, հակաօդային պաշտպանություն, զրահատանկային զորքեր, մոտոհրաձգային ստորաբաժանումներ, փոխգործակցության կատարելագործման վրա: Պահպանելով գաղտնիության ռեժիմը՝ չեմ կարող մանրամասներ նշել: Այժմ մեր առաջնահերթություններից մեկը ծավալուն քողարկման միջոցառումների իրականացումն է», — ասել է նա:

Նա լավ, իսկ որոշ ստորաբաժանումնեի պարագայում գերազանց է գնահատել մայիսի 29-ից հունիսի 2-ը զորամասերի ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժությունը:

«Զորավարժությանը ներգրավված էր միավորման ամբողջ համազորային պահեստուժն ու հրետանին:  Հաշվի են առնվել ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: Մարտական հրաձգության փուլին հետեւել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Հատկապես տպավորիչ էին զրահատանկային գումարտակի գործողությունները, հրետանու եւ հակատանկային ստորաբաժանումների ուղիղ նշանառությամբ եւ փակ կրակային դիրքից վարած դիպուկ կրակը:

Զորավարժությունը ներդաշնակեց գունդը: Մեր ստորաբաժանումները պատրաստ են ավելի լայնածավալ մարտական գործողությունների», — ասել է նա:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փրկարարները հայտնաբերել են դի

Հունիսի 17-ին, ժամը 10:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան […]
Share
Instagram
Telegram