Արցախը փորձել է խոցել Ադրբեջանի ավիացիա՞ն. Ստեփանակերտը հերքում է, Բաքուն՝ պնդում

MasterNews

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 12-ի առավոտյան հայկական կողմը «ՕՍԱ» ԶՀՀ-ից փորձել է խոցել իրենց ավիացիոն միջոցները, սակայն հրթիռները թիրախին չեն դիպել: Արցախի ռազմական ղեկավարությունը հերքում է այս հայտարարությունը՝ համարելով այն դեզինֆորմացիա:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարության տեքստում գրել է նաև, որ հարվածից հնարավոր է եղել խուսափել «իրենց ռազմական օդաչուների վարպետության և ժամանակակից տեխնիկայի շնորհիվ»: Նյութին կից հրապարակվել են նաև տեսանյութ և լուսանկարներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, արվել են ԱԹՍ-ից, ինչը ուղեկցում էր իրենց ավիացիոն միջոցներին՝ ուսումնական թռիչք կատարելիս, հայտնում է Ռազմինֆոն:

Միեւնույն ժամանակ Արցախի ՊԲ-ի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Սա իրականությանը չի համապատասխանում: Արցախի Պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է առաջնագծում տեղի ունեցող տեղղաշարժերին», — կարճ անդրադարձավ Հասրաթյանը: Հարցին, թե ինչու է նման լուրեր շրջանառում ադրբեջանական ՊՆ-ն, Հասրաթյանը չպատասխանեց: «Ես չեմ կարող դա մեկնաբանել», — ասաց նա:

Միեւնույն  ժամանակ ՌազԻնֆոյի փորձագետները նկատում են, որ ադրբեջանական տեքստից կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական կողմը փորձել է խոցել ուսումնական թռիչք կատարող ուղղաթիռ կամ ինքնաթիռ, ինչը, կարծում ենք՝ իրականությանը չի համապատասխանում մի քանի պատճառով:

«Դատելով հրապարակված տեսանյութից, հրթիռը շարժվում է դեպի հենց նկարող օբյեկտի՝ ԱԹՍ-ի ուղղությամբ, իսկ կադրում որևէ այլ թռչող օբյեկտ չկա: Հրապարակած կադրերից մենք կարողացել ենք հասկանալ վայրը, ինչը առաջնագծից դեպի հայկական տարածք շուրջ 13կմ խորության վրա է, այսինքն՝ սա չէր կարող լինել ուսումնական թռիչք:

Բացի այդ, չենք կարող վստահ լինել՝ արդյոք տեսանյութը արվել է հենց հունիսի 12–ին, թե ոչ։

Ուստի կարծում ենք, որ հրթիռը շարժվել է հետախուզական թռիչք իրականացնող ադրբեջանական ԱԹՍ-ի ուղղությամբ, այլ ոչ թե ուսումնական թռիչք կատարող ինքնաթիռի կամ ուղղաթիռի», — ասված է գործակալության հրապատակած տեքստում:

Միեւնույն ժամանակ որոշ ռազմական փորձագետներ չեն բացառում, որ տեղեկատվությունը կարող է համապատասխանել իրականությանը, հատկապես, որ վերջի շրջանում առաջնագծում, ինչպես մեկ օր առաջ հայտնել էր Արցախիի ՊԲ-ն, նկատվում է Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի և ռազմավիացիայի թռիչքների աճ: Սա կարող է լինել նախազգուացնող կրակոց, նշում են նրանք:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): «Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով», — ասված էր հաղորդագրության մեջ:

Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով, նշվում էր հաղորդագրությունում, նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա», — ասված էր հաղորդագրության մեջ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է 650 հազար դրամ դատական ծախսերի համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը պահանջեց 650 հազար դրամ դատական ծախսերի համար: […]
Share
Instagram
Telegram