Առաջնագծում նկատվում է Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի և ռազմավիացիայի թռիչքների աճ. ՊԲ

MasterNews

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ): Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով:

Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սանիտեք ընկերությունն այլեւս չի կարող սպասարկել Երեւանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի աղբահանության և Սանիտեք ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։ Քաղաքապետն ասաց, քաղաքապետարանն իր կողմից արել է ամեն […]
Share
Instagram
Telegram