Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրությանը

MasterNews

«Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը: Դա ամենակարևորն է»,- այսօր լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածուի պարտությանը:

«Ինչ վերաբերում է ՔՊ թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական կուսակցությունները: Այնպես որ, այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանութունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար»,- հավելեց Փաշինյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն:

Կոտայքի մարզպետն ասել էր, որ հեղափոխությունը մարզ չի հասել: Վարչապետն այս դիտարկմանն ի պատասխան ասաց. «Ինքը մի բան է նկատի ունեցել, այլ կոնտեքստում է ասել»:

Հարցին, թե այդուհանդերձ ՔՊ թեկնածուի պարտությունը վարկանիշի՞ խնդիր է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Անցած տարի հեղափոխությունից երկու ամիս անց մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններին: Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, և Իմ քայլը դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք, երբ որ ամեն ինչ արվում էր, որ սկսած Ժեկի պետի թեկնածուից մինչև որևէ թեկնածու իշխանության կուսակցության թեկնածուն հաղթեր: Ուրեմն իմացեք՝ ՀՀ բոլոր ընտրություններում, անկախ նրանից՝ Իմ քայլը դաշինքի թեկնածուն կհաղթի, թե չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը և ժողովուրդը: Դա ամենակարևոր արձանագրումն էր»:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գծերի վերանորոգման պատճառով չեղարկվում են հունիսի 12-ին ժամը 14:25 Երևանից և 11:55 Գյումրիից մեկնող էլեկտրագնացքները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Արաքս-Դալարիկ հատվածում կատարվող գծերի կապիտալ վերանորոգման պատճառով չեղարկվում է հունիսի 12-ին՝ ժամը 14:25-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող №686 Երևան-Գյումրի […]
Share
Instagram
Telegram