ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հնարավոր է՝ հարեւան երկրներից մեկի տարածքից տարածված լինի

MasterNews

Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկի տարածքից է տարածվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության բովանդակությունը։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Գաղտնալսման առումով նշեմ հետեւյալը, որ այսօր հայտնի է տեխնիկապես 6 եղանակ, որը թույլ կտար գաղտնալսել ցանկացածին։ Բոլոր ուղղություններով քննություն է կատարվել, ուղարկվել են հարցումներ, այդ թվում՝ արտասահմանյան երկրներ։ Քննությամբ կան ձեռքբերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարեւան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը։ Քննությունն ակտիվ իրականացվում է, նշանակվել է փորձաքննություններ»,- ասաց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ եթե բավարար ապացույցներ լինեին մարդկանց որպես մեղադրյալ ներգրավվելու կամ կասկածյալ ներգրավվելու, ապա ՔԿ-ն կաներ դա. «Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից գաղտնալսում անելու հանգամանքը»։

Հարցին՝ հնարավո՞ր է բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ գաղտնալսումն իրականացրած լինեին, ՔԿ նախագահն ասաց. «Մենք համապատասխան հարցումներ եւ այդ ուղղությամբ քննություն իրականացրել ենք, նման ապացույցներ կամ ապացույցների համակցություններ այս պահին չունենք»։

Գրիգորյանը նշեց, որ հիմնական վարկածներից մեկն էլ այն է, որ դրսում, բայց հայերի կողմից է կազմակերպված գաղտնալսումը. «Այդ հարցին մենք կպատասխանենք այն ժամանակ, երբ կհայտնաբերենք այդ անձին, որը տարածել է այդ գաղտնալսումը»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Մարտի 1-ի գործը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաերթի հետևանքով 60-ամյա կին է մահացել

Հունիսի 7-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ԳԱԶ-32212» մակնիշի ավտոմեքենայի 30-ամյա վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 40-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 60-ամյա Գոհար Մուրադյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր […]
Share
Instagram
Telegram