ՄԱԿ-ի բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար Հայաստանը ներառվել է պատվո ցանկում

MasterNews

Հայաստանը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ներառվել է կազմակերպության պատվո ցուցակում: Հայաստանից բացի,193 անդամ երկրներից այս ցանկում են միայն 48-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ՀՀ պետական բյուջեի կատարման մասին 2018-ի հաշվետվության տարեկան քննարկումներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«2018-ի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կատարել է պետական բյուջեով միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության գծով հատկացված գումարների ֆինանսական փոխանցումները: Նախորդ տարի Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցուցակում` կազմակերպության կանոնավոր բյուջեի ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Նախորդ տարվա հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին փոխանցվել է 145 հազար 843 ԱՄՆ դոլար` որպես տարեկան անդամավճար: Պատվո ցանկում ներառվում են այն պետությունները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրում ամբողջությամբ վճարում են անդամակցության վճարները»,-ներկայացեց Մնացականյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանն այս տարի ևս կատարել է իր ֆինանսական պարտավորությունները ժամանակին: 2019-ից փոփոխվել է Հայաստանի անդամավճարի չափաբաժինը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին 0.006 տոկոսից դառնալով 0.007 տոկոս: ՄԱԿ- բյուջեն կազմավորվում է հաշվի առնելով երկրի համախառն ազգային արդյունքի հարաբերակցությունը մի շարք այլ ցուցանիշների հետ, ինչպիսին են արտաքին պարտքը, մեկ շնչին հասնող եկամուտը: Անդամավճարի սանդղակները համապատասխան կոմիտեի կողմից վերանայվում են երեք տարին մեկ, նվազագույն շեմը կազմում է 0.01 տոկոս, իսկ առավելագույնը 22 տոկոս:

Նախարարը տեղեկացրեց, որ ըստ կանխատեսումների` միջազգային կազմակերպությունների գծով մասնավորապես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին և այլ կառույցներին Հայաստանի անդամակցության վճարների մասով կարող ենք ունենալ մինչև 30 տոկոս աճ` պայմանավորված վերոնշյալ տոկոսային աճով:

Տոկոսային չափաբաժնի փոփոխման արդյունքում Հայաստանի անդամակցության վճարը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին 2019-ի համար բարձրացել է մոտ 50 հազար դոլարով, այսինքն` 2018-ի 145 հազար 843-ից դարձել է 195 հազար 176 դոլար:

Միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության վճարների ցանկում ներառված է 98 կազմակերպություն: Անդամավճարների համար 2018-ի պետական բյուջեով հաստատված ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 490 մլն 965 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է 2 մլրդ 340 մլն 270 հազար 135 դրամ:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՓԲ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի […]
Share
Instagram
Telegram